Առաջիկա հինգշաբթի օրվա կառավարության նիստի օրակարգում ներառված է Արցախի անկախությունը ճանաչելու մասին օրենքի նախագիծը: Կառավարությունը հավանություն է տալու ԱԺ պատգամավորներ Զարուհի Փոստանջյանի և Հրանտ Բագրատյանի ներկայացրած նախագծին։ Թեմայի վերաբերյալ ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցեց «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» ՀԿ նախագահ Ստեփան Դանիելյանի հետ։

 

- Պարո՛ն Դանիելյան, Արցախի անկախության ճանաչումն այս փուլում ի՞նչ կտա բանակցային գործընթացին և արդյոք սա ճի՞շտ դիվանագիտական քայլ է Սերժ Սարգսյանի կողմից։


- Այս քայլով Սերժ Սարգսյանը փորձում է ինքնափրկության հարց լուծել։ Ղարաբաղի հարցում ինքը Մոսկվայի գլխավորությամբ շատ հարցերի համաձայնություն է տվել և հիմա պետք է փորձի այդ բանակցություններից դուրս գալ։ Նա այլ ելք չունի, քան փորձել բանակցություններից դուրս գալ և նախկինում տրված իր համաձայնություններից խուսափել։ Իսկ այդ համաձայնությունները, ըստ մամուլում հրապարակված տեքստերի, Հայաստանին շատ ծանր վիճակի մեջ է դնում, որովհետև Հայաստանը համաձայնում է տարածքներ զիջել՝ առանց Ղարաբաղի կարգավիճակը ճշտելու։

 

- Ենթադրենք՝ Ազգային ժողովը նախագծին հավանություն է տալիս, և Հայաստանը ճանաչում է Արցախի անկախությունը։ Ի՞նչ նոր իրավիճակ է ստեղծվում։


- Արդեն նախկինում եղած բանակցությունները մի կողմ են դրվում, ստեղծվում է նոր իրավիճակ և բանակցային նոր փուլ՝ նոր իրավիճակից ելնելով։ Նախկին պայմանավորվածությունները չեղյալ են համարվում։ Այդ փուլում Ադրբեջանը կա՛մ պետք է ճանաչի Արցախը՝ որպես բանակցային կողմ, կա՛մ ոչ։ Համանայն դեպս, եթե չի ճանաչում, ապա արդեն, Մադրիդյան սկզբունքները, Կազանի փաստաթուղթը զրոյացվում են։

 

- Արցախին ձեռնտո՞ւ է Հայաստանի կողմից անկախության ճանաչումը։


- Այստեղ որոշումներն ընդունում է Սերժ Սարգսյանը։ Նա իր նախկին տապալված արտաքին քաղաքականության հետևանքով ձգտում է դրանցից հրաժարվել։ Այսինքն՝ ինքը ճանաչում է այդ ամբողջ քաղաքական սխալական լինելը, որը հանգեցրեց այս չորսօրյա պատերազմին։ Ինքն է եղել բանակցություն վարողը, արտաքին քաղաքականության պատասխանատուն, ինքն էլ փորձում է իրավիճակից ելք գտնել։

 

- Այսինքն՝ Սերժ Սարգսյանն Արցախը ճանաչելով խոստովանում է, որ այսքան տարի Ղարաբաղյան հակամարտության բանակցությունները տապալե՞լ է։


- Այո և փորձում է նոր իրավիճակ ստեղծել։

 

- Իսկ հասարակությունն ինչպե՞ս կընդունի Արցախի ճանաչումը։


- Իսկ Հայաստանի հասարակության կարծիքն ո՞ւմ է հետաքրքրում։ Եթե Հայաստանում չկան ընտրություններ, հասարակության կարծիքը դրսևորելու իրավական մեխանիզմներ, հասարակության կարծիքն ո՞ւմ է հետաքրքրում։ Ես այս հարցադրումն անում եմ քաղաքական ուժերի կոնտեքստում։

 

- Ամեն դեպքում, այսօր ճի՞շտ ժամանակն էր Արցախի ճանաչման հարցը բարձրացնելու։


- Մենք 8 տարի կորցրել ենք պետությունը քանդելու վրա։ Եկել ենք մի իրավիճակի, որտեղ պետք է ինչ-որ քայլ կատարել։ Այդ իրավիճակը ստեղծողը փորձում է այս որոշումով ելքեր գտնել։ Հայաստանն Արցախի անկախությունը պետք է ճանաչեր վաղուց։ Հիմա Սերժ Սարգսյանը փորձում է ինքնափրկությամբ զբաղվել, որպեսզի իր վրա հողեր հանձնողի, ապա Ղարաբաղը հանձնողի խարանը չլինի։ Նա փորձում է իր նախկին անհեռատես քաղաքականությունն ինչ-որ ձևով հետ շրջել։

 

 

Հարցազրույցը՝ Քրիստինա Աղալարյանի