Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Գագիկ Խաչատրյանը 2005թ. հոկտեմբերի 1-ից զբաղեցնելով «Հայանտառ» ՊՈԱԿ «Արագածոտնի անտառտնտեսություն» մասնաճյուղի Երնջատափի անտառպետության անտառապետի պաշտոնը և հանդիսանալով պաշտոնատար անձ, չի կատարել աշխատանքային պայմանագրով իր վրա դրված պարտականությունները, ինչի հետևանքով պետությանն անզգուշությամբ պատճառել է 3 289 800 դրամի վնաս: Անզգուշությա՞մբ… Չի՞ իմացել, որ ոմանք մտնում են անտառ, ապօրինի անտառհատում իրականացնում: Այնուամենայնիվ, սա դեռ ամենը չէ, նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի նաև մեկ այլ հոդվածով:

 

 

Նույն քր. գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել նաև Երջանիկ Նազարյանին այն բանի համար, որ նա 2014թ. հոկտեմբերի 25-ին իր վարած «Գազ 52» մակնիշի ավտոմեքենայով գնացել է «Հայանտառ» ՊՈԱԿ «Արագածոտնի անտառտնտեսություն» մասնաճյուղի Երնջատափի անտառպետության թիվ 2-րդ պահաբաժին, որտեղ ապօրինի հատել է 42 հատ կաղնի տեսակի տարբեր տրամագիծ ունեցող ծառեր և իր ավտոմեքենայով փոխադրել իր տուն, որի հետևանքով պետությանը պատճառել է 388 000 դրամի վնաս:

 

 

Սույն քրեական գործով մյուս մեղադրյալը Արկադի Ղազարյանն է: Ըստ մեղադրական եզրակացության, նա հանդիսանալով «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արագածոտնի անտառտնտեսություն» մասնաճյուղի Երնջատափի անտառպետության թիվ 2-րդ պահաբաժնի անտառապահ, չի իրականացրել աշխատանքային պայմանագրով սահմանված կարգով իր վրա դրված պարտականությունները, ինչի հետևանքով կազմակերպությանը պատճառել է 66 785 դրամի վնաս:

 

 

Վերը նշված արարքների համար Գագիկ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի («Պաշտոնեական անփութությունը») և 308-րդ հոդվածի («Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը») 1-ին մասերի, Երջանիկ Նազարյանին' 296-րդ հոդվածի («Ծառերի, թփերի և բուսածածկի ապօրինի հատումը») 1-ին մասի, իսկ Արկադի Ղազարյանին' 214-րդ հոդվածի («Առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը») 1-ին մասի հատկանիշներով: