Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր հարյուրավոր եզդիներ հավաքվել էին նախագահական նստավայրի դիմաց և պահանջում էին ազատ արձակել եզդի գործարար Ջնդի Ամարյանին:

 

«Ջնդին հա՛մ հայի, հա՛մ եզդու թիկունքն է: Խնդրում ենք նրան ազատել, նա էլ երեխու տեր է, ծնողի տեր է: Իր մայրը մահացել է, գերեզմանից բռնել տարել են, ինչքան եզդի ժողովուրդ կա` թե՛ ՌԴ-ից, թե՛ Գերմանիայից, Ջնդիի թիկունքին կանգնած են: 

 

Ես խնդրում եմ այդ մարդուն ազատեք, թող ժողովրդին թիկունք կանգնի, մինչև մեր մահը կպայքարենք, ես խնդրում եմ ղեկավարությունից թող Ջնդիին ազատեն»,- ասաց բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը:

 

Բաղրամյան 26-ից հետո ակցիայի մասնակցիները երթով շարժվեցին դեպի Գլխավոր դատախազություն: Նրանց ակցիաները կրելու են շարունակական բնույթ, պատասխան չստանալու դեպքում պատրաստվում են անգամ Երևանի կենտրոնական փողոցներից մեկը փակել:

 

Նշենք, որ ակցիային բազմաթիվ քաղաքացիներ էին մասնակցում, այդ թվում՝ տարբեր համայնքների ղեկավարներ:

 

«Շամս» մարդասիրական ՀԿ-ի նախագահ Ռուստամ Բաքոյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ Ջնդի Ամարյանն անմեղ է և նրա նկատմամբ քրեական ապօրինի հետապնդում է իրականացվում: 

 

Նշեց, որ իրենք բավականին շատ հիմքեր կան, որոնք ապացուցում են նրա անմեղ լինելու փաստը, բայց չմանրամասնեց՝ ասելով, որ դա կխանգարի նախաքննությանը:

 

Առավել մանրամասն՝ ԼՈւՐԵՐ.com-ի տեսանյութերում