Արցախի ճանաչման վերաբերյալ նախագծի հրապարակումով Հայաստանի իշխանություններն ուզում են զգուշացնել և՛ Ադրբեջանին, և՛ միջնորդներին, որ եթե հանկարծ ադրբեջանական կողմը նախահարձակ եղավ, ապա բանակցային գործընթացին վերջ կդրվի։ Այս մասինԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց քաղաքապետ, պատմաբան Գագիկ Համբարյանը։
«Ես չեմ զարմանա, որ Շուշիի ազատագրման օրն Ադրբեջանն «անակնկալ» մատուցի՝ և՛ պաշտոնական Երևանին, և՛ պաշտոնական Ստեփանակերտին։ Այս հայտարարությանն ադրբեջանցիները շատ հիստերիկ ձևով արձագանքեցին։ Պետք է նաև նշեմ, որ ադրբեջանական հիստերիան փոքր-ինչ մեղմեց ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունն այն մասին, որ Արցախի ճանաչման այս նախաձեռնությանը պետք չէ ադպես բուռն արձագանքել, քանի որ դա երկու պատգամավորի մակարդակով է և դեռ քննակման փուլում է։ Ե՛վ պարոն Լավրովը, և՛ Բաքվում նստած պաշտոնյաները շատ լավ հասկանում են, որ սա հենց այնպես չէ, սա նախազգուշացման քայլ է»,- մանրամասնեց Գ. Համբարյանը։
Նրա խոսքով՝ և՛ Ադրբեջանը, և՛ միջնորդ երկրները շատ լավ հասկանում են, որ ՀՀ-ի կողմից Արցախի ճանաչումով վերջ կդրվի բանակցային գործընթացին, ինչպես և մեկնաբանել էր Ադրբեջանի ԱԳ նախարարի մամուլի խոսնակը։
Այն կարծիքը, թե Սերժ Սարգսյանն Արցախի ճանաչումով փորձում է իր վրայից մաքրել հողեր հանձնողի, ապա Ղարաբաղը հանձնողի խարանը, Գագիկ Համբարյանը նշեց. «Խնդիրը հետևյալն է. մենք չկարողացանք և ադրբեջանցիներին, և՛ միջազգային հանրություն կոչվածին ժամանակին հասկացնել՝ այն, որ հայկական կողմը մասնակցում է այս բանակցային գործընթացին, արդեն իսկ զիջում է։ Սա շատ մեծ զիջում է։ Հողեր հանձնելու հետ կապված՝ պետք է ասեմ՝ կարճատև ապրիլյան պատերազմից հետո հայկական կողմը ցույց տվեց, որ մտադրություն չունի վերադառնալ Մադրիդյան սկզբունքներին։ Ես չեմ կարծում, որ Հայաստանում որևիցե խելամիտ անձ կարող է կանգնել և ասել՝ մենք հողեր ենք հանձնում։ Այդ մասին կարող են խոսել տարրական տգետները կամ քաղաքականության մեջ ինքնասպանություն գործողները։ Ես՝ որպես պատմաբան, չեմ կարող գեթ մեկ օրինակ բերել, որ որևէ հաղթանակած կողմ հենց այնպես հողեր է հանձնում՝ բուտաֆորիա խոստումների դիմաց։ Եթե հիշում եք՝ ժամանակին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այս արտահայտությունն անում էր՝ կարող է 50 տարի հետ, 100 տարի հետո Արցախում տեղի ունենա հանրաքվե, և նրանք որոշեն, թե ինչ են ուզում։ Չկա այդպիսի բան»։
Պատմաբանի կարծիքով՝ հայկական կողմի համար կա մեկ տարբերակ՝ դա փաթեթային տարբերակն է, այն էլ հստակ ժամկետներով. «Ես չեմ պատկերացնում, որ ՀՀ նախագահը քաղաքականության մեջ կարող է գնալ ինքնասպանության, խնդիրներ ստեղծել իր համար՝ բոլոր առումներով և հողեր հանձնել։ Ժամանակին Լևոն Տեր-Պետրոսյանը սա հասկանալով՝ հրաժարական ներկայացրեց՝ հասկանալով, որ հասարակությունն իրեն չի ների։ Հայ հասարակությունը նաև չի ների Ռուսաստանին։ Այդ իսկ պատճառով, Սերգեյ Լավրովը, երբ այց կատարեց Հայաստան, չբացահայտեց իր ծրագիրն Արցախի վերաբերյալ՝ լավ հասկանալով, որ հասարակությունը չի ների հակահայկական ոչ մի գործողություն կամ փաստաթուղթ»։
Քրիստինա Աղալարյան