Ազատամարտիկ Ռազմիկ Պետրոսյանը կարծում է, որ Արցախի անկախության ճանաչումը վաղուց պետք է տեղի ունենար։ ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում Պետրոսյանը նշեց, որ Ազգային ժողովը պետք է ձեռքի տակ ունենա այդ փաստաթուղթը, որ սահմանին Ադրբեջանի սանձարձակ գործողությունների դեմն առնվի։
«Եթե խորհրդարանն ընդունի այդ փաստաթուղթը, ապա Մինսկի խմբի ձևաչափը կվերանա, բայց առկախված պահելու դեպքում Ադրբեջանի համար այն կդառնա զսպաշապիկ։ Ինձ թվում է տեղին է այս նախագծի ընդունումը, մի բան էլ ուշացած է։ Եթե Կառավարությունը ճանաչել է, ապա խորհրդարանը այնտեղ քննարկումներ կանի։ Գուշակություններ չեմ կարող անել։ Բայց այդ փաստաթուղթը ունենալու դեպքում Ադրբեջանի կողմից ռազմական գործողություններ սկեսելու պարագայում միանգամից կճանաչենք։ Միջազգային մյուս կառույցները ևս կփորձեն ոոշակի գործընթաց սկսել Արցախի անկախության ճանաչման ուղղությամբ»,- ասաց Ռազմիկ Պետրոսյանը։
Ազատամարտիկը համոզված է՝ ինչքան էլ Ադրբեջանը ուզում է զենքով զինվի, Ղարաբաղին իր ազնիվ մկրտումներից հետ չի կարող կանգնեցնել, մարդիկ պատրաստ են իրենց կյանքի գնով պաշտպանել ձեռք բերված անկախությունը։
Հիշեցնենք, որ Կառավարությունն այսօրվա նիստի ժամանակ հավանություն տվեց Արցախի անկախությունը ճանաչելու մասին օրենքի նախագծին: «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» նախագիծը ներկայացրել են Ազգային ժողովի պատգամավորներ Զարուհի Փոստանջյանը և Հրանտ Բագրատյանը: Կառավարությունը ներկայացված օրենքի նախագծի ընդունումը պայմանավորում է Հայաստանի և Արցախի միջև քննարկումների արդյունքներով՝ հաշվի առնելով հետագա զարգացումները, այդ թվում նաև արտաքին գործոնները:
Ք. Աղալարյան