Հայաստանում բանկերից վարկ վերցրած շատուշատ մարդիկ դրանց բարձր տոկոսադրույքների պատճառով, ինչպես ասում են, կրակն են ընկել: Մի որոշ ժամանակ հետո այլևս չկարողանալով վճարել պահանջվող գումարները, նրանք ընկնում են, ժողովրդական լեզվով ասած, «տոկոսների տակ», իսկ ավելի ճիշտ, կանգնում են սահմանված գումարները ժամանակին չվճարելու հետևանքով, դրանցից բացի, նշանակված տույժ-տուգանքները վճարելու դաժան իրողության առաջ: Քիչ չեն այն մարդիկ, ովքեր կորցրել են իրենց գրավադրած բնակարանները, տնանկ դարձել, հայտնվել փողոցում կամ հարազատներից մեկի տանը:
Եղել են նաև վարկը փակել չկարողանալու պատճառով ինքնասպանության, երկրից հեռանալու դեպքեր և հուսահատության այլ դրսևորումներ: Դրանցից մեկն էլ ստորև ներկայացվող դեպքն է, որը տեղի է ունեցել Սյունիքի մարզում:
Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Արման Մնացականյանը 2016 թ. մարտի 15-ին, ժամը 22:50-ի սահմաններում «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ Կապանի մասնաճյուղից վերցրած վարկերը չմարելու հետևանքով նշանակված տույժ-տուգանքներով պայմանավորված, ընկերության գույքը վնասելու դիտավորությամբ քարով դիտավորյալ հարվածել ու կոտրել է բանկի մուտքի ապակյա դուռը' պատճառելով ընկերությանը զգալի չափի գույքային վնաս:
Կարելի է պատկերացնել, թե մարդն ինչ աստիճանի է հուսահատ ու զայրացած եղել, որ դիմել է նման, մեղմ ասած, անխոհեմ քայլի' էլ ավելի ծանրացնելով իր վիճակը:
Վերը նշված արարքի համար Արման Մնացականյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի («Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը») 1-ին մասի հատկանիշով:
Ընդգծենք, որ տարբեր վարկերի բարձր տոկոսադրույքների պատճառով Հայաստանի Հանրապետությունում ծանր վիճակում են հայտնվել ոչ միայն տնտեսական գործունեությամբ չզբաղվող բազմաթիվ ֆիզիկական անձինք, այլև բազմաթիվ անհատ ձեռնարկատերեր և իրավաբանական անձինք: Արդեն իսկ քայքայվել, սնանկ են ճանաչվել, լուծարվել մի շարք փոքր ու միջին ձեռնարկություններ: ՀՀ տնտեսությունը նաև այս պատճառով է այսպիսի թշվառ վիճակում հայտնվել, այս պատճառով է նաև, որ չի շնչում, խեղդվում է:
Հայաստանի Հանրապետության կառավարությունը, Ազգային ժողովը, Կենտրոնական բանկը չնայած այս խնդրի առնչությամբ ԶԼՄ-ների բազմաթիվ քննադատություններին, չեն ձեռնարկել համապատասխան միջոցներ, որոնց շնորհիվ կսահմանափակվեր առևտրային բանկերի ախորժակը, և վարկերի տոկոսադրույքները կսահմանվեին ոչ թե ուռճացված կերպով, այլ երկրում առկա սոցիալ-տնտեսական վիճակին համապատասխան: Ի դեպ, եթե նույնիսկ ինչ-որ քայլեր կատարել են այս ուղղությամբ, ապա դրանք դեռ ակնհայտորեն անբավարար են:
Արթուր Հովհաննիսյան