Օրերս մամուլում տեղեկություններ էին տարածվել այն մասին, որ լարված իրավիճակ է ստեղծվել Գեղարքունիքի մարզում, ուր մի խումբ նորատուսցիներ փակել էին միջպետական ավտոճանապարհը՝ պահանջելով չխոչընդոտել իրենց ապրուստին՝ խեցգետնի արտահանմանը:
Պարզվում է՝ բողոքն այդ ուղղված էր Սննդի անվտանգության պետական տեսչության դեմ, որը, բողոքավոր գյուղացիների պնդմամբ, միանգամայն ապօրինաբար սահմանափակել է իրենց իրավունքներն ու կեղծ պատճառաբանություն ներկայացրել, թե իբր չունեն համապատասխան հավաստագիր՝ որսի և արտահանման համար:
Նշենք, որ Հանրապետությունում որակի հավաստագիր ներկայիս դրությամբ ունի 6 ընկերություն, որոնք համապատասխանում են պահանջվող բոլոր նորմերին: Բայց այս խնդրում ողջ մարազմն այն է, որ ոմանք, օգտվելով առիթից ու պղտոր ջրում ձուկ որսալու՝ իրենց համար արդեն սովորական դարձած արատավոր պրակտիկայից, հանրության շրջանում կեղծ լուրեր են տարածել, թե ստեղծված անախորժությունների հիմքում ընկած է գեներալ Հայկազ Բաղմանյանին պատկանող ընկերությունը, ու այն իբր արհեստական խոչընդոտներ է ստեղծում ոլորտում ներգրավված, բայց համապատասխան հովանավորչություն չունեցող հասարակ գյուղացիների համար՝ իբր փորձելով մենաշնորհել ողջ տնտեսական բնագավառը։
Նախ՝ ի սկզբանե պետք է փաստենք այն ճշմարտությունը, որ գեներալը որևիցե խեցգետնագործության հետ որևիցե կապ ընդհանրապես չունի ու երբևիցե չի էլ ունեցել, իսկ այն, որ խեցգետնագործությամբ զբաղվող «Ակվատիկ» ընկերությունը պատկանում է գեներալ Հայկազ Բաղմանյանին, չեն համապատասխանում իրականությանը։ Ավելին՝ ոմանց պնդումները, թե Բաղմանյանն իբր ներկայումս Երևանում է ու զբաղված է ինչ-ինչ բիզնես հարցեր կարգավորելով, ևս կեղծիք են, քանի որ մամուլից հայտնի է, որ գեներալ Հայկազ Բաղմանյանն Արցախում է գտնվում քառօրյա պատերազմի առաջին իսկ օրվանից՝ սահմանապահ զինվորի կողքին. այդ անհերքելի փաստն ունի նաև դոկումենտալ ապացույցներ (սա շեշտում ենք հատուկ նրանց համար, ովքեր սովոր են կասկածել)։
Ցավոք, մեր իրականությունն այնպիսին է դարձել, որ մարդիկ՝ հասարակ քաղաքացիները, սովորել են իրենց ամեն մի անհաջողության կամ անախորժության մեջ մեղադրել բարձրաստիճան մարդկանց, որոնք շատ հաճախ որևիցե առնչություն չեն ունենում այս կամ այն հարցի հետ. փոխարենը համապատասխան պետական գերատեսչությունների դեմ բողոքելու ու մեր արդար ցասումը հայտնելու՝ մենք սովորել ենք բավարարվել ընդամենն անհատներին անհիմն մեղադրանքներ ներկայացնելով, անտեղի տեղը վարկաբեկելով մարդկանց բարի համբավը։ Սա, թերևս, գալիս է նաև հենց հասարակության ինքնագիտակցության ու իրավագիտակցության ցածր մակարդակից, ինչը, մեր խորին համոզմամբ, պետք է շտկվի նույն պետության ջանքերի շնորհիվ. քաղաքացին պետք է կարողանա ճիշտ նշմարել իրեն անհանգստացնող խնդիրներն ու դրանց համար պատասխանատուներին։
Արամ Հակոբյան