Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Պեդրո Ագրամունտը ապրիլի 3-ին կոչ է արել դուրս բերել հայկական զորքերը Ադրբեջանի օկուպացված տարածքներից' համաձայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի: Այս տեղեկատվությունը ԵԽԽՎ-ի պաշտոնական կայքից է մեջբերված: «Հայելի» ակումբում այսօր հրավիրված մամուլի ասուլիսում տեղեկացնելով այս մասին, ռազմաքաղաքական վերլուծաբան, պահեստի գնդապետ Հայկ Նահապետյանն ասաց. «Սա նշանակում է, որ Արցախում պատերազմ է գնում, ռազմական գործողություններ, ԵԽԽՎ-ի նախագահը, ամենայն հավանականությամբ, հույս ունի, որ այդ տարածքներն Ադրբեջանը վերցնելու է, և դրա համար ինքը համապատասխան իրավական հիմքեր է փորձում ապահովել, այսինքն' օկուպացված տարածքները երբ որ ետ են վերցնում, դա արդարացի է: Առ այսօր ԵԽԽՎ-ն այս հայտարարության իր դիրքորոշումը չի փոխել:
Կարելի է ասել, որ միայն հայ հրամանատարների և հայ զինվորների հերոսական դիմադրության և հայրենիքը չհանձնելու շնորհիվ թշնամին ընկրկեց և ետ շպրտվեց: Եվս մի դիտարկում այս առումով. ես ձեր ուշադրությունն եմ հրավիրում, որ մարտ ամսին ինտենսիվ բանակցություններ են գնացել Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի ղեկավարության, Ադրբեջանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարությունների միջև: Դուք ինքներդ կարող եք համացանցից նայել և տեսնել ինտենսիվության աստիճանը, ինչպես նաև այն, որ ամսի 23-ին Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ պաշտպանության նախարարը և Ադրբեջանի պաշտպանության նախարարը»:
Պատասխանելով այն հարցին, թե դրանով ուզում եք ասել, որ Արևմո՞ւտքն էր կանգնած այս ռազմական գործողությունների հետևում և, կոպիտ ասած, «դաբրոն» իրե՞նք էին տվել, Հայկ Նահապետյանն ասաց, որ ինքն ընդամենը բարձրաձայնում, փաստում է իրողություններ, որոնց մասին հրապարակված է պաշտոնական աղբյուրներում:
«Այն, ինչ ես ասացի, վերցված է միմիայն տվյալ կազմակերպությունների, տվյալ երկրների պաշտոնական աղբյուրներից, հետևությունները ձեզ եմ թողնում»,- ասաց մամուլի ակումբի հյուրը:
«Այն նույն ժամանակ, երբ Ալիևը գտնվում էր Միացյալ Նահանգներում և Բայդենի հետ հանդիպում ունեցավ, Ամերիկայի Միացյալ Նահանգները Կոնգրեսից հանեց Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների վերաբերյալ օրինագիծը,- ասաց մամուլի ակումբի մյուս հյուրը՝ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը:- Եվ երկրորդ. ճնշում գործադրելով Եվրամիության վրա, հասավ այն բանին, որ 1 միլիարդ դոլար նրանք հատկացրին Ադրբեջանին հարավային գազային հոսքի համար»:
Անդրադառնալով այն հարցին, թե Ադրբեջանի և հայկական կողմի միջև պատերազմը ձեռնտո՞ւ է Ռուսաստանին, Հայկ Նահապետյանն ասաց, թե պետք է հստակ պատասխան տալ մեկ հարցի՝ ո՞ւմ է ձեռնտու…
«Արդյոք ձեռնտո՞ւ է մի երկրի իր հարավային սահմաններում (Ադրբեջան-Արցախ, Հայաստան.- ծ.հ.) սկսել ռազմական գործողություններ, արդյոք ձեռնտո՞ւ է այդ երկրի եվրոպական մասում (Ուկրաինա- Դոնեցկ, Լուգանսկ.- ծ.հ.) սկսել ռազմական գործողություններ, արդյոք ձեռնտո՞ւ է այդ երկրի հարավ-արևելյան մասում սկսել ռազմական գործողություններ, խոսքս Միջին Ասիայի մասին է,- ասաց ռազմաքաղաքական վերլուծաբանը:- Այսինքն' միակ երկիրը, որն ամենաշահագրգռվածն է, որ իր սահմանների մոտ պատերազմական գործողություններ չլինեն, Ռուսաստանն է»:
Ըստ բանախոսի՝ այդ պատերազմների պարագայում իսլամ արմատականները երկիր ներթափանցելու հնարավորություն կարող են ունենալ (Մերձավոր Արևելքն առայժմ այդ պատերազմի մեջ է), հետևաբար Ռուսաստանին ձեռք չեն տալիս պատերազմական գործողություններ իր սահմանի մոտ, որովհետև այդ կրակը կարող է տեղափոխվել նաև իր մոտ: Նույն կարծիքը հայտնեց նաև Արման Նավասարդյանը: Նրա համոզմամբ, Ռուսաստանն, իրոք, բացարձակապես շահագրգռված չէ այստեղ և, ընդհանրապես, իր սահմանների մոտ պատերազմով: Նա միաժամանակ հավելեց, որ այստեղ հնարավորինս երկար մնալը, այստեղից դուրս չգալը բխում է Ռուսաստանի շահերից:
«Ռուսաստանը, ես համոզված եմ, երբեք դուրս չի գա այստեղից, ոչ մի գնով,- ասաց արտակարգ և լիազոր դեսպանը:- Այս բոլորը պատմական իրողությունների վրա է հաստատված, իզուր տեղը չէ, որ Ռուսաստանը 250 տարի այստեղ գտնվել է և 13 պատերազմ է ունեցել: Ռուսաստանի այստեղից գնալը, միանգամից ասեմ ձեզ, բացարձակապես չի բխում Հայաստանի աշխարհաքաղաքական և աշխարհառազմավարական շահերից: Բայց դրա կողքին ռուսական դիվանագիտությունն այս ամբողջ ժամանակահատվածում, կարծում եմ, վրիպումներ է թույլ տվել, և շատ կոպիտ վրիպումներ է թույլ տվել: Մեջբերեմ հենց ռուս շատ լուրջ մեկնաբանների, որոնք չեզոք դիրքորոշում ունեն, խոսքերը, նրանցից մեկն ասում է, որ Ռագոզինը և Մեդվեդևը ջուրը գցեցին 25 տարվա այն ջանքերը, որ Ռուսաստանը գործադրել է այստեղ»:
Կոչ անելով իրերն անվանել իրենց անուններով, Արման Նավասարդյանն ասաց՝ մենք բոլորս պայքարում ենք, ապրում և կռվում ենք այս երկրի, այս մի կտոր հողի համար, ով էլ որ լինի' լինի Ռուսաստանը, լինի Միացյալ Նահանգները, եթե նրա դիրքորոշումը չի համընկնում մեր շահերին, մենք պետք է մեզ լավ հաշիվ տանք, թե ինչ է կատարվում և ինչ պետք է անենք: Ըստ արտակարգ և լիազոր դեսպանի, Ռուսաստանի և Հայաստանի ռազմավարական շահերը, մեծ հաշվով, համընկնում են:
«Պարզապես,- շարունակեց արտակարգ և լիազոր դեսպանը,- հարցն այն է, որ մենք այդ հուզական վիճակի մեջ չենք կարողանում լավ պատկերացնել, թե ով է մեր կողքին կանգնած»:
Անդրադառնալով մեր շահերի համընկնել-չհամընկնելու հարցին, Հայկ Նահապետյանն իր հերթին ասաց.
«Ես ուզում եմ, որ յուրաքանչյուր հայ, Հայաստանի քաղաքացի որպես կարևորագույն տեղեկատվություն իմանա՝ առ այսօր Թուրքիայի երրորդ դաշտային բանակի՝ Էրզրում կենտրոնով, մոտ 300 000 զինուժով, իր երկու բանակային կորպուսների՝ 3-րդ և 9-րդ, մարտական խնդիրը Հայաստանը և Վրաստանը գրավելն է: Այսինքն՝ մարտական խնդիրը՝ և՛ բանակի, և՛ երկրի ղեկավարության, չի փոխվել, հետևաբար այդ զինուժի դեմ կանգնած է ոչ միայն Հայաստանը, այլև, առաջին հերթին, Ռուսաստանը, և Ռուսաստանի ներկայությունն անգամ մեկ զինվորով և մեկ դրոշով, և Հայաստանին Ռուսաստանի ատոմային անձրևանոցի ներքո վերցնելը մեր բոլորիս ֆիզիկական անվտանգությունն է:
Այլ բան է, որ Ռուսաստանը հիմա չի ուզում, որպեսզի Ադրբեջանն ամբողջովին իրենից պոկվի, նաև դա պետք է հասկանաք, որովհետև եթե Ադրբեջանն ամբողջովին իրենից պոկվում է, դա նշանակում է՝ Ադրբեջանը դառնում է կարևորագույն գործիք իր հարավային սահմաններում վիճակն ապակայունացնելու, պատերազմական գործողությունները Հարավային Կովկասից Հյուսիսային Կովկաս տեղափոխելու: Դրա համար Ռուսաստանն այդ առումով փորձում է նաև Ադրբեջանի հետ ինչ-որ ձևով լեզու գտնել… Ես ասում եմ, որպեսզի մենք հասկանանք, թե ինչու է Ռուսաստանն, այսպես ասած, մեր հանդեպ ոչ այնքան արդարացի հայտարարություններով հանդես եկել, դրա համար պետք է հասկանալ, թե ինչումն է իր ազգային, պետական շահը»:
Արթուր Հովհաննիսյան