Մայիսի 8-ին, 9-ին Ադրբեջանի կողմից լայնամասշտաբ ռազմական գործողությունների վտանգ կա՞… Պատասխանելով այս հարցին «Հայելի» ակումբում այսօր հրավիրված մամուլի ասուլիսում, ռազմաքաղաքական վերլուծաբան, պահեստի գնդապետ Հայկ Նահապետյանը նախ ասաց.

 

 

«Ցանկացած ռազմական գործողությունից առաջ անհրաժեշտ է տեղեկատվական համապատասխան պատրաստություն: Քիչ առաջ ես ասացի այն հայտարարությունների մասին, որոնք նախորդեցին ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ռազմական գործողություններին: Տեղեկատվական պատերազմում, սովորաբար, խնդիր է դրվում հակառակորդի զինուժի և բնակչության բարոյահոգեբանական վիճակի տկարացման, թուլացման:

 

 

Ի դեպ, ասեմ, որ արդեն 3-րդ օրն է, մեր համացանցում, սոցիալական ցանցերում մեկ-երկու հրապարակում է պտտվում, որը կարծես թե նախապատրաստում է ինչ-որ բան: Արցախից անկախ փորձագետ Մարգարիտա Քարամյանը, ես ձեր ուշադրությունն ուզում եմ հրավիրել սրա վրա, իր ենթադրություններով, ստահոդ երևակայությունների վրա փորձում է վարկաբեկել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինվորական իշխանություններին, հակասություններ մտցնել և սեպ խրել կանոնավոր բանակի զինծառայողների և Հայաստանից գնացած կամավորների միջև: Ես չեմ ուզում շատ փակագծեր բացել, թե չէ կլինի, թե գովազդ եմ անում: Ուղղակի ձեր ուշադրությունը հրավիրեմ' 3 օրվա մեջ 100 000 դիտում, սա ինչ-որ բան ասում է: Եվ երբ որ այնտեղ կանգնած զինծառայողը լսում է, որ ինչ-որ զորահրամանատար տարածք է զիջելու, պատկերացրեք, թե ինչ հոգեբանական վիճակի մեջ է ինքը հայտնվում, մտածում է, թե իր կողքի թևը բացվում է, կողքինը փախնելու է»:

 

 

Անդրադառնալով բուն հարցին, Հայկ Նահապետյանն ասաց.

 

 

«Մի քանի հրթիռը (ի դեպ, դրա մասին ասել են ավելի պրոֆեսիոնալ, բարձրաստիճան զինվորականները' Արկադի Տեր-Թադևոսյանը, վերջերս պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը) բավարար են Սարսանգի ջրամբարին, որպեսզի Ադրբեջանի կեսը հայտնվի ջրի տակ, ինչպես նաև Բաքուն: Հասկանո՞ւմ եք դուք' Ադրբեջանը լայնամասշտաբ պատերազմական գործողությունների, որի մեջ կներգրավվի Հայաստանը, որի մեջ կներգրավվի արդեն Հայաստանի դաշնակիցներ Ռուսաստանը, Իրանը, իսկ մյուս կողմից Թուրքիան և իր դաշնակիցները, այսինքն' ՆԱՏՕ-ն, չի՛ դիմելու: Եթե լինի դա, իսկապես կարող է լինել Երրորդ համաշխարհային պատերազմի սկիզբը: Եթե Ադրբեջանը և իր ավագ եղբայր Թուրքիայի ղեկավարությունը արկածախնդրության գնան, քաջնազարություն անեն, ես կարծում եմ, որ իրենց ականջները համապատասխան պահին իսկապես կձգվեն իրենց առավել հզոր դաշնակիցների կողմից»:

 

 

Մամուլի ակումբի մյուս հյուրը' արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը, նույնպես նույն կարծիքը հայտնեց.
«Լայնամասշտաբ պատերազմ չի լինի,- ասաց Արման Նավասարդյանը:- Համենայն դեպս, գնահատականներն այդպիսին են, բայց, ըստ երևույթին, երկու կողմից էլ տարածքային փոփոխություններ կլինեն: Կարծում եմ, որ այդպես կլինի»:

 

 

Թե որոշակի ի՞նչ տարածքային փոփոխություններ, նա դժվարացավ ասել, իսկ անդրադառնալով բանակցությունների հարցին, ասաց.
«Բանակցություններ չկան, մոռացեք, այսօր բանակցություն չկա, դիվանագիտությունն այսօր լռում է, այսօր խոսում են հրանոթները: Վե՛րջ: Սա պետք է մենք լավ պատկերացնենք: Բայց ես գրեթե համոզված եմ, որ լայնամասշտաբ պատերազմ չի լինի, այսինքն՝ համաշխարհային պատերազմ չի լինի, որովհետև դա ոչ մի մեծ տերության նախագահ չի գնա դրան, ես կարծում եմ, որ այս տարածաշրջանում տեղի կունենան ռազմական գործողություններ լոկալ: Դրանք պարզապես ենթադրություններ են հիպոթետիկ: Տեղի կունենան, ըստ երևույթին, որոշ տարածքային ձևաչափումների փոփոխություն»:

 

 

Ըստ արտակարգ և լիազոր դեսպանի, բացի նրանից, որ պատերազմի շեմին ենք կանգնած, նաև գաղափարական պատերազմ է գնում մեր մեջ, Հայաստանի ներսում, և ժողովուրդը դրանից պարզապես սկսում է կորցնել իր ճիշտ դատելու ունակությունը:

 

 

Անդրադառնալով այն հարցին, թե պատերազմ սկսելու դեպքում Ադրբեջանն իր ո՞ր տարածքները կարող է կորցնել, Հայկ Նահապետյանն ասաց.

 

 

«Եթե Ադրբեջանի քարտեզը նայեք, մեր սահմաններից ոչ այնքան հեռու մի քաղաք կա՝ Եվլախ անունով: Եվլախն Ադրբեջանի, մեծ հաշվով, սիրտն է. այդտեղով են անցնում երկիրը կապող երկաթուղիները, ավտոմայրուղիները, նավթամուղ-գազամուղները, այսինքն' եթե Ադրբեջանը լոկալ պատերազմ է սկսում, ապա միայն Եվլախի ուղղությամբ մեր զինված ուժերի գործողություններից հետո, որոնք այդ քաղաքը ռազմական հսկողության տակ կարող են վերցնել կամ ավերակների վերածել, Ադրբեջանը, կարծում եմ, կփորձի անել այն, ինչ արեց 1994 թվականի մայիսի 12-ին: Մեր ձեռքի լծակները' Ադրբեջանի ագրեսիվ կեցվածքը սաստելու, շատ ավելին են: Դրա մասին պարբերաբար ասում են և՛ զինվորական բարձրաստիճան անձինք, և՛ պաշտոնյաներ, ինչպես նաև հանրապետության նախագահը: Վստահաբար' Ադրբեջանը նման խելահեղության կգնա միմիայն, եթե բանականությունը և իրականության զգացողությունը կորցնի, իսկ որ ինքը պատժվելու է և՛ Հայաստանի, և՛ Հայաստանի դաշնակիցների կողմից, կասկած չունենաք»:

 

 

Ռազմաքաղաքական վերլուծաբանն առավել կարևորեց մեր զինվորների, հրամանատարների տոկունությունը, բարոյահոգեբանական բարձր վիճակը և ժողովրդի միակամությունը:

 

 

«Հակառակորդը,- շարունակեց նա,- եթե ուզում է հաղթել իր թշնամուն, առաջին հերթին մասնատման, բաժանման, խուճապի, վախի մթնոլորտ է ստեղծում տվյալ ժողովրդի մեջ, որպեսզի մասնատի, իսկ մասնատված ժողովրդին հեշտ է հաղթել: Դեռ ժամանակ առաջ հայերի մասին ասել էին' հայերն անպարտելի են, եթե միաբան են»:

 

 

Արթուր Հովհաննիսյան