Ադրբեջանական լրատվամիջոցները վերջին օրերին լուրեր են տարածում, թե իբրև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անկանխատեսելի որոշում է կայացրել շուտափույթ մեկնել Բաքու: Չգիտեմ, թե որքանով է հավաստի այս լուրը, որովհետև ռուսական աղբյուրներն առայժմ դա չեն հաստատել, սակայն եթե նույնիսկ նման որոշում արդեն կա, ապա զուր են ցնծում մեր ոչ բարով հարևանները, քանզի քիչ հավանական է, որ Պուտինի՝ Բաքու մեկնելը կլինի իրենց օգտին:

 

Ռուսաստանն արցախյան հակամարտության մեջ իր շահերի մասին արդեն բարձրաձայնել է, ինչից պարզ է դարձել, որ «ռազմավարական դաշնակից» կամ «ռազմավարական գործընկեր» եզրույթներն իր համար զուտ ֆորմալ բնույթ են կրում, իսկ իրականում նա պարզապես ուզում է երկու կողմին էլ իր վերահսկողության տակ պահել, և դրա համար Ռուսաստանը պետք է մնա չեզոք դիրքում և ամենակարևորը՝ ոչ մի կերպ թույլ չտա, որ լայնամասշտաբ ռազմական գործողություններ սկսվեն, քանի որ այդպիսով կխառնվեն իր բոլոր խաղաքարտերը: Իսկ Ադրբեջանի պահվածքը վերջին շրջանում կարծես թե դեպի դա է տանում. նույնիսկ վերջերս ձեռք բերված բանավոր նոր համաձայնությունից հետո ադրբեջանական կողմը ոչ միայն շարունակում է խախտել հրադադարը, այլև չի ուզում հրաժարվել ռազմատենչ ու լկտի հայտարարություններ անելու իր սովորությունից:

 

Էական չէ, որ ադրբեջանական կողմն իր հայտարարություններն իրականության վերածելու հնարավորություն և քաջություն միգուցե չունի, էականն այն է, որ նման կեցվածքն արդեն կարող է դուր չգալ նաև Ռուսաստանին, պարզապես կարող է ձեռնտու չլինել: Իսկ Ռուսաստանի համար գիտենք, որ սեփական շահերն ամեն ինչից վեր են և այս համատեքստում ռուսական իշխանությունները կաշխատեն ամեն գնով թույլ չտալ, որպեսզի իրավիճակը դուրս գա վերահսկողությունից: Ուստի եթե Պուտինը ոչ թե Ալիևին է կանչում Մոսկվա, այլ իսկապես ինքն է որոշել մեկնել Բաքու, ապա շատ հավանական է, որ մեկնում է Ալիևին սաստելու համար, հիշեցնելու համար, թե ով է տարածաշրջանում իրավիճակի տերը և ում հետ Ադրբեջանը պետք է հաշվի նստի:

 

Կարեն Վարդանյան