Եվրոպական հեռարձակողների միությունը պաշտոնապես նախազգուշացրել է Հայաստանի հանրային հեռարձակողին' Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դրոշը հայաստանյան պատվիրակ Իվետա Մուկուչյանի կողմից ծածանելու համար: Այս մասին տեղեկացնում է eurovoix.com կայքը:
Եվրոպական հեռարձակողների միությունը նշել է, որ եթե ԼՂՀ դրոշը մրցույթի ընթացքում կրկին ծածանվի, հայաստանյան պատվիրակությունը իրեն կդնի այս և հետագա տարիներին մրցույթից որակազրկվելու ռիսկի առաջ: Հայաստանի նկատմամբ դրոշը ցուցադրելու համար պատժամիջոց կկիրառվի մինչև այս տարվա հունիսը:
Հայաստանի հանրային հեռուստաընկերության ստեղծագործական խմբի որոշմամբ՝ «Եվրատեսիլ- 2016»-ին Հայաստանը ներկայացնում է երգչուհի Իվետա Մուկուչյանը: Միջազգային հանրությանը Իվետան ներկայանում է գերզգացմունքային LoveWave ստեղծագործությամբ: Երգի միջազգային մրցույթն անցկացվում է Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում: «Եվրատեսիլ-2016»-ին մասնակցում են 42 երկրների ներկայացուցիչներ: Մրցույթի այս տարվա կարգախոսն է Come together (Միավորվենք):