«Հիմնադիր խորհրդարանի» նախագահ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սէֆիլյանը երեկ լրագրողների հետ զրույցում հայտարարեց, թե ապրիլյան պատերազմից հետո հայկական կողմն Արցախի հյուսիսարևելյան հատվածում (Թալիշ) կորցրել է 7 ք/կմ տարածք։ Մեկ օրում Սէֆիլյանի այս հայտարարությունը հայկական և, ցավոք սրտի, ադրբեջանական մամուլի ուշադրությունը գրավեց։ ՀՀ պաշտպանության նախարարությունն անլուրջ որակեց այս թվերը, որոշներն էլ նախընտրեցին հավատալ Սէֆիլյանին և նրա հրապարակած թվերին։ Ինչևէ, հանրության համար մեկ բան մնում է չբացահայտված. ի վերջո ապրիլյան քառօրյա պատերազմում հայկական կողմը քանի՞ դիրք է կորցրել, քանի՞սն են հետ վերցվել և ինչքա՞ն տարածք է անցել թշնամու հսկողության տակ։
ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը չի կարծում, թե անհրաժեշտություն կա նորից անդրադառնալ այս թեմային՝ լուրերը շրջանառության մեջ չպահելու համար. «Դուք ուզում եք նորից այդ լուրերը, շահարկումները պահել շրջանառության մե՞ջ։ Իրենից հարցրեք։ Ինքը եկե՞լ է, տեսե՞լ է այդ տարածքը, ինքը էստե՞ղ է եղել, ո՞նց է չափել՝ 7 կիլոմե՞տր է, թե՞ 7 մետր։ Այ դա իրենից հարցրեք, թե ոնց է չափել։ Ես ինչքան գիտեմ՝ ինքը այստեղ չի եղել, ո՞նց կարող էր չափել։ Ամեն մարդու ասածը ես հո չեմ մեկնաբանելու։ Նա ինչի՞ հիման վրա է նման հայտարարություն անում»,- հարցադրումներ արեց Բաբայանը։
Այն տեղեկությունը, թե հայկական կողմը 14 դիրք ունի հանձնած թշնամուն, Բաբայանի խոսքով, իրականությանը չի համապատասխանում. «Ռազմաքաղաքական հավասարակշռվածությունը ոնց եղել է, այնպես էլ կա, պահպանվում է։ Մնացած տվյալները բանակից հարցրեք։ Բայց կրկնում եմ՝ շատ զարմանալի է, թե ոնց են չափել, ինչ գործիքներ են օգտագործել։ Ես չեմ ուզում նման հարցերի պատասխանել, որ նման հարցերը մնան շրջանառության մեջ»։
Իսկ Արցախի Ազգային ժողովի նախկին պատգամավոր Վահան Բադասյանն ասում է՝ հակառակորդի կողմից գրաված տարածքներն այդքան չկան, ինչքան հայտարարում է Սէֆիլյանը։ Նրա խոսքով՝ այստեղ հարցն այլ է. «Կարծրատիպը կոտրվեց, թե թուրքը մեր երկիր չէր կարող մտնել։ Դժբախտությունը սա է։ Թուրքերն իրենց մեջ փորձում են մտցնել գաղափարը, թե իրենք կարող են դիրք վերցնել։ Տարածքը խնդիր չէ, հարցը սա է։ Իրենք Թալիշում ինչ-որ բարձունք են վերցրել, որից մի մեծ հատված վերահսկում են։ Մեզ համար կատաստրոֆա չէ, բայց հոգաբանական առումով վատ կլինի, եթե այսպես թողնենք։ Չպետք է ձեռքերը ծալած նստել։ Այդ դիրքերը չպետք է իրենց թողնել։ Կապ չունի 1000, թե 7000 կիլոմետր է։ Այստեղ հարցը հոգեբանական է։ Ես մի քանի անգամ ասել եմ՝ թշնամու գլուխը պետք է ջախջախել իր բնում, որպեսզի ինքն այլևս այդպիսի բան չանի։ 22 տարի ինչո՞ւ նման բան չէր արվում, որովհետև մենք իրենց գլուխն իրենց բնում մի քանի անգամ ջախջախել ենք։ Հիմա սերունդ է փոխվել, նոր սերունդ են դաստիարակել և նրանց նոր սերունդը փորձում է մեր գլուխը ջարդել մեր բնի մեջ։ Մենք պետք է սթափ մտածենք և հասկանանք ՝ ինչ տեղի ունեցավ և ինչ պետք է անի Պաշտպանության նախարարությունը, որ չի անում»։
Ք. Աղալարյան