Ընդհանրապես որևէ երկրում կոռուպցիայի դեմ պայքարն ակնթարթային արդյունքներ չի արձանագրել: Չափազանց դժվար է իրականում, շատ հաճախ լատենտային, օրենքներում հնարավորություն ընձեռող բացերով ասել, որ այդ ամենը միանգամից կվերացվի: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:
Նախարարը' որպես ՀՀ կառավարության ներկայացուցիչ, փաստեց, որ մեր երկրում կոռուպցիայի դեմ պայքարելու քաղաքական կամք կա և արդարադատության նախարարությունը' որպես հակակոռուպցիոն ոլորտում համակարգում իրականացնող մարմին, կոնկրետ քայլեր իրականացնելու ամբողջ պատասխանատվությունը վերցնում է իր վրա.
«Մենք ունենք համագործակցություն քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, որտեղ շատ հետաքրքիր, ոչ ստանդարտ, արագ լուծում տվող որոշակի մեխանիզմներ կան»,- ասաց նախարարը:
Հարցին, թե կոռուպցիոները կարո՞ղ է զբաղվել կոռուպցիայի դեմ պայքարով, Արփինե Հովհաննիսյանը պատասխանեց. «Եթե դուք կոռուպցիոների մասին խոսում եք իրավապահ մարմինների կողմից հաստատված շրջանակներում և ասում եք, որ ովքեր են կոռուպցիոներները, և ձեր խոսքը ոչ թե ձեր հայտարարությունն է, այլ իրավապահ համակարգի գնահատականը, ապա՝ ոչ»: