ermenihaber.am  Ուկրաինայի Լվով քաղաքում մայիսի 12-15-ն ընթացող Եվրոպայի Քունկ ֆուի առաջնության ժամանակ աղմկահարույց միջադեպ է տեղի ունեցել: Նշված առաջնությանը մասնակցում են Հայաստանի և Ադրբեջանի Քունկ Ֆուի ֆեդերացիաների հավաքականները:
Հայ մարզիկներից Աշոտ Հարությունյանը մենամարտել է ադրբեջանցի մարզիկի հետ ու պարտության մատնել նրան:

Մեկ այլ մենամարտում ևս մրցակիցները եղել են հայ և ադրբեջանցի մարզիկները: Այս մրցապայքարի վերջում ևս, երբ ակնհայտ էր արցախցի մարզիկ Դավիթ Պետրոսյանի հաղթանակը, Ադրբեջանի թիմի մարտավկան փորձում է հարվածել մեր մարզիկին: Սադրանքին միանում է նաև ադրբեջանցի մարզիկը, որը ռինգի մեջ թիկունքից հարվածում է Դավիթ Պետրոսյանին: Այնուհետև ադրբեջանական թիմի մարզիչներն ու մարզիկները մահակներով հարձակվում են մեր հավաքականի անդամաների վրա:

Ստեղծված իրարանցմանն ու ծեծկռտուքին միջամտել են ոստիկանության աշխատակիցները և սաստել անկարգություն հրահրած ադրբեջանցիներին: Նման անվայել պահվածքի համար ադրբեջանական թիմը նկատողություն է ստացել ու որակազրկվել:

Հարձակման ենթարկված արցախցի մարզիկը ապրիլյան պատերազմի ժամանակ ադրբեջանական բանակի 5 տանկ և 1 ՀՄՄ խոցած ժամկետային զինծառայող Մարատ Պետրոսյանի եղբայրն է: