«Եվրատեսիլ-2016» երգի միջազգային մրցույթի եզրափակիչը մեկնարկել է: Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում անցկացվող իրադարձությանը հայտնի կդառնա հեղինակավոր մրցույթի այս տարվա հաղթողի անունը:

 

 

Երկրները հանդես կգան հետևյալ հաջորդականությամբ' Բելգիա, Չեխիա, Նիդեռլանդներ, Ադրբեջան, Հունգարիա, Իտալիա, Իսրայել, Բուլղարիա, Շվեդիա, Գերմանիա, Ֆրանսիա, Լեհաստան, Ավստրալիա, Կիպրոս, Սերբիա, Լիտվա, Խորվաթիա, Ռուսաստան, Իսպանիա, Լատվիա, Ուկրաինա, Մալթա, Վրաստան, Ավստրիա, Միացյալ Թագավորություն, Հայաստան:

 

 

«Եվրատեսիլ-2016»-ի եզրափակչում Իվետա Մուկուչյանը հանդես կգա 26 համարի ներքո: «Եվրատեսիլ-2016»-ը բացառիկ է նրանով, որ երգի մրցույթն իր ելույթով կզարդարի համաշխարհային ճանաչում վայելող երգիչ Ջասթին Թիմբերլեյքը: Մրցույթը կհեռարձակվի Հանրային հեռուստատեսության ուղիղ եթերում.այն կմեկնաբանի Ավետ Բարսեղյանը:

 

 

Միջազգային հանրությանը Իվետան Մուկուչյանը ներկայացավ գերզգացմունքային LoveWave ստեղծագործությամբ: LoveWave երգի երաժշտության համահեղինակները Լեւոն եւ Լիլիթ Նավասարդյաններն են, խոսքերի համահեղինակները՝ Իվետա Մուկուչյանն ու Սթեֆանի Քրաթչֆիլդը, ովքեր փորձել են երգն ամբողջությամբ կառուցել երգչուհու զգացողությունների եւ կասկածների, խտացված ապրումների ու զգացմունքների միջոցով: Ինչպես երկրաշարժի, այնպես էլ սիրո ալիքը տագնապեցնող է, սթափեցնող, այն կարող է մեկ վայրկյանում փոխել մարդուն ու նրա կյանքը ճիշտ այնպես, ինչպես երկրաշարժի առաջին ալիքը' Love Wave-ը: