Երևանի գիշերային ակումբները գնալով վերածվում են յուրօրինակ մարտադաշտի: Նշված ակումբներում և դրանց մոտ վեճ ու կռվի, երբեմն նույնիսկ ծանր հանցագործություններով ուղեկցված տուրուդմփոցների վերաբերյալ տեղեկություններն արագորեն հաջորդում են միմյանց: Թե ՀՀ ոստիկանությունը և այդ ակումբների տերերը սրանից ինչ հետևություններ են կատարում, առայժմ հայտնի չէ: Գործնականում երևի ոչ մի հետևություն էլ չեն կատարում, որովհետև նույն վիճակը պահպանվում է, այսինքն' վտանգավոր դեպքերը շարունակվում են:
Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Գրիշա Ռանյանը 2013թ. հունիսի 14-ին, ժամը 01:25-ի սահմաններում, Երևանի Բաբաջանյան փող. 50/18 հասցեում գործող «Սապֆիր» գիշերային ակումբում անվտանգության ծառայություն իրականացնելու ընթացքում հաճախորդ Էդգար Խաչատրյանին դիտողություն է արել սրահում սուլելու համար: Ըստ մեղադրական եզրակացության, նշված դիտողության շուրջ Գ. Ռանյանի և Է. Խաչատրյանի միջև առաջացած վիճաբանությունը շարունակվել է նախ սրահի ներսում, ապա գիշերային ակումբի դիմաց, որտեղ էլ Գ. Ռանյանը բռունցքով դիտավորությամբ հարվածել է Է. Խաչատրյանի դեմքին: Է. Խաչատրյանը դիմել է փախուստի, սակայն Գ. Ռանյանը նշված ակումբից վերցրել է փայտե մահակը և հետապնդել Է. Խաչատրյանին: Համաձայն քր. գործի նյութերի, հասնելով վերջինիս, Գ. Ռանյանը դիտավորությամբ Խաչատրյանի առողջությանը պատճառել է կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:
Վերը նշված արարքի համար Գրիշա Ռանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի («Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը») 1-ին մասի հատկանիշով, որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը:
Մեկ այլ հանցագործություն էլ «Վեյվ» ակումբում է կատարվել: Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Լևոն Խաչատրյանը «Վեյվ» ակումբում դիտավորյալ կերպով անտեսելով վարքագծի ընդունված նորմերը, ակնհայտ անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել ինչպես աշխատողների, այնպես էլ հաճախորդների նկատմամբ: Վիճաբանել է նույն ակումբի մատուցողուհի Ռոզա Եղիազարյանի հետ, որի ընթացքում բռնություն գործադրելով, հարվածներ է հասցրել նրա դեմքին: Այնուհետև, ըստ մեղադրական եզրակացության, վիճաբանել է նաև ոստիկանությսն ծառայողներ Կ. Ղազարյանի և Ա. Անանյանի հետ:
Վերը նշված արարքի համար Լևոն Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի («Խուլիգանությունը») 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշով: