Եկեք, ինչպես ասում են, ծուռ նստենք, շիտակ խոսենք. եթե մանկահասակ երեխայի ծնողները կամ հարազատները «Հրազդան ԲԿ» ընկերության բժշկուհու գրպանը, ասենք, մի տասը հազար դրամանոց խոթած լինեին, այդ բժշկուհին սին կամ տվյալ դեպքում անհարկի պատճառաբանությամբ կհրաժարվե՞ր հիվանդ երեխային ընդունել նշված բժշկական կենտրոնի ստացիոնար բաժանմունք: Եվս մեկ հարց' եթե չլիներ բժշկուհու մերժումը, այսինքն' եթե հիվանդ երեխան ժամանակին ստանար համապատասխան բժշկական օգնություն, կմահանա՞ր…

 

 

Քրեական գործի նյութերից պարզ է դառնում, որ չէր մահանա: Սակայն երեխայի ծնողների, հարազատների մտքով չէր էլ կարող անցնել հետագայում իրադարձությունների նման զարգացումը: Լինելով օրինապաշտ քաղաքացիներ, նրանք բժշկուհուն որևէ բան չեն առաջարկել իր իսկ մասնագիտական և աշխատանքային պարտականությունների կատարման համար:

 

 

Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Մարինե Հակոբյանը 1985թվականից աշխատելով «Հրազդան ԲԿ» ՓԲԸ-ում և 2010թ. դեկտեմբերի 30-ից հանդիսանալով ընդհանուր թերապևտիկ բաժանմունքի բժիշկ- մանկաբույժ՝ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող անձ, դեռևս 2015թ. փետրվարի 3-ի լույս 4-ի գիշերն իր իսկ ցուցումով բուժում ստացած և 2015թ. փետրվարի 4-ի առավոտյան հարազատների ուղեկցությամբ «Հրազդան ԲԿ» ՓԲԸ բերված մանկահասակ (24.12.2014թ. ծնված) Մանե Հարությունյանի ախտորոշմանը' «հնարավոր բակտերիալ ինֆեկցիա, ինտեստինալ սինդրոմ» (տրված' ընտանեկան բժիշկ Մելանյա Եղիազարյանի կողմից) քաջատեղյակ լինելով հանդերձ, չի պահպանել «Երեխաների հիվանդանոցային բժշկական օգնության ուղեգրման և հոսպիտալացման կարգը հաստատելու մասին» ՀՀ առողջապահության նախարարի 2013թ. հունվարի 22-ի թիվ 90-Ա հրամանի հավելված 1-ի 5-րդ կետի 3-րդ ենթակետի պահանջները:

 

 

Հակառակ նշված պահանջների, Մ. Հակոբյանը, ըստ մեղադրական եզրակացության, դրսևորելով անբարեխիղճ վերաբերմունք, չի կատարել իր մասնագիտական պարտականությունները՝ հրաժարվել է երեխային ընդունել ստացիոնար բաժանմունք՝ պատճառաբանելով, թե հիվանդանոցը անհրաժեշտ բժշկական սարքավորումներով հագեցած չէ: Այդպիսով, համաձայն քր. գործի նյութերի, բժշկուհին բաց է թողել տվյալ դեպքում անհրաժեշտ բժշկական օգնության և սպասարկման հիմնական և միակ ճիշտ մոտեցումը՝ հոսպիտալիզացիան. որի դեպքում հնարավոր կլիներ Մ. Հարությունյանին ցուցաբերել բժշկական սարքավորումներով չպայմանավորված առաջնային բուժօգնություն՝ ինֆուզիոն թերապիա, հեղուկների ներարկում, հակաբիոտիկային բուժում, թթվածնաբուժություն:Հենց սա էլ, ինչպես պարզվել է նախաքննությամբ, հնարավորություն կտար ձեռնարկել մահվան հետ պատճառական կապի մեջ գտնվող հիվանդությունների բուժմանն ուղղված համապատասխան գործողություններ և կանխել հիվանդության չարորակ, արագ ընթացքի արդյունքում «Արաբկիր» ԲԿ տեղափոխվող հիվանդ Մանե Հարությունյանին 2015թ. փետրվարի 4-ին անզգուշությամբ պատճառված մահը:

 

 

Վերը նշված արարքի համար Մարինե Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրք 130-րդ հոդվածի («Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը») 2-րդ մասի հատկանիշով: Ըստ այդմ, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը՝ դրանց նկատմամբ անփույթ կամ անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով, եթե անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ կամ մարդու իմունային անբավարարության վարակի հարուցիչով վարակում, պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:

 

 

Այո, բժշկուհին հիվանդ երեխային սպանելու դիտավորություն չի ունեցել, սակայն, կարծում եմ, անընդունելի է այն ձևակերպումը, թե բժշկի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը դրանց նկատմամբ անփույթ կամ անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով է եղել: Անձամբ ես սրան չեմ հավատում: Ուրիշ բան, եթե իսկապես չիմանար նշված ախտորոշման և իր մասնագիտական պարտականությունների մասին: Չիմանար, որ տվյալ դեպքում խիստ անհրաժեշտ հոսպիտալիզացիան, որի պարագայում հնարավոր կլիներ Մ. Հարությունյանին ցուցաբերել առաջնային բուժօգնություն' ինֆուզիոն թերապիա, հեղուկների ներարկում, հակաբիոտիկային բուժում, թթվածնաբուժություն, ամենևին էլ պայմանավորված չէ բժշկական այնպիսի բարդ սարքավորումներով, որոնք չկան տվյալ բժշկական կենտրոնում: Սակայն, ըստ մեղադրական եզրակացության, նա հիշյալ ախտորոշմանը քաջատեղյակ է եղել: Իսկ մասնագիտական վերոնշյալ պարտականություններն էլ, քանի որ բարդ չեն, տարրականներից են, կարծում եմ, մոռանալ կամ չիմանալ չէր կարող:

 

 

Ի դեպ, բժշկուհուն հնարավոր չէր 130-րդ հոդվածի փոխարեն այլ հոդվածով մեղադրանք առաջադրել, քանի որ ՀՀ քրեական օրենսգրքում չկա համապատասխան հոդված:
Եթե ես լինեի օրենսդիրը, Քրեական օրենսգրքում 130-րդ հոդվածից բացի, կներմուծեի ավելի խիստ պատիժ նախատեսող 130-րդ պրիմ 1 հոդվածը հետևյալ վերտառությամբ' «Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները դիտավորությամբ չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը», իսկ հոդվածի հետագա շարադրանքը կձևակերպեի այսպես.

 

 

«1. Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները դիտավորությամբ չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը՝ հիվանդից կամ հիվանդատիրոջից (հիվանդի մերձավորներից) չբավարարված նյութական ակնկալության կամ նրանց նկատմամբ անբարյացակամ վերաբերմունքի հետևանքով, եթե բուժվող հիվանդի առողջությանն անզգուշությամբ պատճառվել է…», այնուհետև ինչպես 130-րդ հոդվածի շարադրանքն է, սակայն, բնականաբար, ավելի խիստ պատժաչափերի սահմանմամբ:

 

 

Այս առաջարկի առնչությամբ հավանաբար կլինեն առարկողներ, սակայն մի պահ պատկերացրեք, որ, Աստված մի արասցե, ձեր երեխան է արժանացել կամ կարող է արժանանալ նման վերաբերմունքի և ճակատագրի:

 

 

Արթուր Հովհաննիսյան