Վիեննայից Երևան վերադառնալու ճանապարհին ինքնաթիռի մեջ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մի քանի լրագրողների հետ խոսել է հանդիպումների արդյունքների մասին։ Ըստ Սարգսյանի՝ արդյունքները գոհացուցիչ էին։ Սերժ Սարգսյանն անդրադարձել է հայկական կողմի կորցրած դիրքերին: Նա հայտարարեց, որ հայկական կողմը 8 քառակուսի կմ-ի չափ տարածք է կորցրել, սակայն դրանք մարտավարական և ռազմավարական մեծ նշանակություն չունեն։ Ս. Սարգսյանի խոսքով՝ այդ տարածքը ոչ թե հայրենիքից ենք կորցրել, այլ անվտանգության գոտի է եղել:


«Մեզ պետք չեն զինված ուժեր, ովքեր արկածախնդրության են պատրաստ, միգուցե հաջողության կհասնեն, միգուցե ոչ: Բոլոր նրանք, ովքեր այս պահին ինչ-որ թերություններ են տեսնում, նրանց նպատակը գործին աջակցելը չէ։ Ամենաճիշտ ձևակերպումը հետևյալն է՝ մեր զինված ուժերն իրենց խնդիրը կատարել են։ Տեսաք՝ ինչքան մարդ էր ցանկանում գալ, գնալ ճակատ։ Միգուցե նրանք ճակատում չկարողանային ռազմական գործողություն իրականացնել, բայց թիկունքում ամրություն զգալը մեծ բան է։

 

Գոյություն ունի քարտեզ, պարզ հաշվարկներ, գոյություն ունեն գնահատականներ։ Եթե ինչ-որ մի բան կորցրել ես, դա ի՞նչ նշանակություն ունի՝ ռազմավարակա՞ն, մարտավարակա՞ն, թե՞ ընդամենը կարող է ունենալ որոշակի հոգեբանական նշանակություն: Եթե զուտ մետրով չափենք, ապա պետք է ասեմ՝ հայկական ուժերը, որոնք որպես անվտանգության գոտի ունեին 800 հազար հեկտար, կորցրել են 800 հեկտարը, դա մեկ հազարերորդն էլ չկա: Ռազմավարական առումով, մարտավարական առումով այդ տարածքները որևէ նշանակություն չունեն, զուտ հոգեբանական առումով, այո, ադրբեջանցիները կարող են իրենց ժողովրդին համոզել, որ ինչ-որ արդյունքի հասել են։ Ուզում եմ մի համեմատություն անեք՝ 800 հեկտար, յուրաքանչյուր հեկտարի համար ենթադրենք մեկ զոհ և երկու վիրավոր։ Բայց նույնիսկ եթե կես զոհ, մեկ վիրավոր, միևնույն է շատ է։


Համեմատեք, տեսեք՝ այդ 800 հազար հեկտարը գրավելու համար քանի զոհ պետք է տային։ Երբ որ ես ասում եմ՝ մեր Զինված ուժերն իրենց խնդիրը կատարեցին, մեր Զինված ուժերն ի վիճակի էին այդ ստատուս քվոն վերականգնել։ Ընտրության խնդիր էր՝ բայց արդյոք արժե՞ր այդ 800 հեկտարի համար զոհել 35, 40 կամ 80 հայրենասեր տղայի, որոնց կարիքը մենք դեռ շատ ենք ունենալու։ Երևանի սրճարանում նստած քարտեզ են գծում։ Ես նման մարդկանց խորհուրդ եմ տալիս՝ իրենք գնան, վերցնեն այդ տարածքները։ Ինձ համար շատ կարևոր են մեր զինվորներն ու սպաները։ Նրանք իրենց գործը դեռ լրիվ չեն իրականացրել։ Իրականացնելուց հետո էլ իրենք մեզ դեռ պետք են»,- ասաց Ս. Սարգսյանը: