Շախմատային բարձունքներ նվաճած Հայաստանը, որը վերջին տարիներին միջազգային հանրության ուշադրության կենտրոնում է մարզաձևի հանդեպ հատուկ հոգածության շնորհիվ, առաջին անգամ հյուրընկալել է Խուլերի շախմատի աշխարհի անհատական 16-րդ առաջնությունը: Մայիսի 16-26-ին Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն անցկացվող մրցաշարի բացման արարողությանը մասնակցում էր ՀՀ նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը' մ ի խումբ բարձրաստիճան պաշտոնյաների ուղեկցությամբ: Առաջնության բացումն ազդարարեց Խուլերի շախմատի համաշխարհային կոմիտեի նախագահ Ֆիլիպ Գարդները, որից հետո ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) նախագահ Կիրսան Իլյումժինովը խաղատախտակների վրա կատարեցին մրցաշարի առաջին քայլերը' զինվորով:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ' առաջնությանը մասնակցում են 24 երկրների շուրջ 120 շախմատիստներ, խաղերն ընթանալու են 7 ենթախմբերում' այդ թվում' կանանց, տղամարդկանց, պատանիների, մեծահասակների, նաև բաց մրցաշար է սպասվում:
ՖԻԴԵ-ի նախագահը լրագրողների հետ զրույցում նշեց, որ նման բարձր մակարդակի առաջնությունը կայանում է Հայաստանում, քանի որ այն համաշխարհային շախմատի զարգացման կենտրոն է: «Հայաստանի հավաքականը երեք անգամ դարձել է շախմատի աշխարհի չեմպիոն, և մենք պարզապես չէինք կարող մերժել այս մրցաշարը այստեղ անցկացնելու Հայաստանի շախմատի ֆեդերացիայի ու երկրի ղեկավարության ցանկությունը»,-ասաց Կիրսան Իլյումժինովը' հիշեցնելով, որ Հայաստանում անցկացվել են շախմատին վերաբերող միջազգային մակարդակի տարբեր մրցաշարեր:
ՖԻԴԵ-ի ղեկավարը կարևորեց փաստը, որ շախմատում հավասար հնարավորություններ են ստեղծված բոլորի համար և որոշակի դժվարություններով մարդիկ մրցում են սահմանափակություններ չունեցող անձանց հետ: Կիրսան Իլյումժինովի խոսքով' Երևանում կանցկացվի Խուլերի միջազգային ասոցիացիայի կոնգրեսը, և նա հույս հայտնեց, որ ընդունված որոշումները կնպաստեն խուլ ու համրերի շրջանում շախմատի զարգացմանը:
Հայաստանի խուլերի միավորման նախագահ Գրիգոր Գրիգորյանն էլ տեղեկացրեց, որ Հայաստանից առաջնությանը մասնակցում է 45 մարզիկ, ինչը բավականին լավ ցուցանիշ է' հաշվի առնելով հանգամանքը, որ նախկինում շատ փոքր թվով մարզիկներ են մասնակցել նմանատիպ մրցումների: «Մենք այժմ ունենք երիտասարդների հավաքական, նաև աղջիկների, ավելի կատարելագործվել են թիմերն ու ընդլայնվել: Մենք վերջին տարիներին ընդհանրապես սպորտի տարբեր ոլորտներում ունենք հաջողություններ, իսկ շախմատն ինքն իրենով ավելի հեշտ է տրվում խուլերին, դրա համար էլ մասնակիցները գնալով շատա նում են»,-ասաց Գրիգորյանը' հավելելով, որ մարզիկների աճին նպաստում է նաև շախմատով զբաղվելը խրախուսելու պետական քաղաքականությունը: ՀԽՄ նախագահի ցանկությունն է, որպեսզի թույլ լսողների դպրոցում ևս շախմատը որպես պարտադիր առարկա դասավանդվի: «Մենք ամեն ինչ անելու ենք, որ թույլ լսողների ու խուլերի դպրոցում շախմատը լինի պարտադիր առարկա, որպեսզի էլ ավելի մեծ հաջողություններ գրանցենք»,-ավելացրեց զրուցակիցը:
Առաջնության հայաստանյան մասնակից Նարեկ Թադևոսյանը հույս ունի զբաղեցնել երրորդ տեղը: Շախմատ է խաղում 14 տարեկանից արդեն 20 տարի: Մասնակցել է բազում մրցաշարերի, Հայաստանի առաջնություններում գրավել է 2-րդ, 3-րդ տեղեր, իսկ Ղազախստանում անցկացված խուլերի շախմատի առաջնությանը'12-րդ տեղը: Նմանատիպ մրցաշարերի մասնակցությունից հետո միշտ էլ նոր գիտելիքներ է կուտակում ու ասում է, որ շախմատը սովորելու համար արգելքներ շատ չկան: Սակայն եթե շախմատը դառնա պարտադիր առարկա նաև թույլ լսողներյի դպրոցում, հաջողություններն էլ ավելի տեսանելի կլինեն:
Ռուսաստանի հավաքականը ներկայացնող Միխայիլ Պետրենկոն էլ երրորդ անգամն է մասնակցում խուլերի առաջնությանը, առաջին անգամ Ղազախստանում գրավել է 4-րդ տեղը, Խորվաթիայում' 2-րդ: Հայաստանից ակնկալում է տուն վերադառնալ լիակատար հաղթանակով' առաջին տեղով: Շախմատով զբաղվում է 6 տարեկանից, 8 տարի: