«Կարմիր սար» բնապահպանական հիմնադրամը հանդես է եկել հայտարարությամբ, որում հերքում է «Համահայկական բնապահպանական ճակատ» նախաձեռնության հայտարարության մեջ բերված ենթադրությունները։
««Համահայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնությունը «Ազատ գետը, Համաշխարհային բանկի վարկը, պաշտոնյաների հողատարածքներն ու կոռուպցիան» վերտառությամբ հայտարարություն է տարածել, որտեղ նշված է, որ ««Կարմիր Սար» բնապահպանական հիմնադրամն Ազատ գետի ավազանի տարածքում' Գառնի համայնքում, 500-600 հեկտար հողատարածք է վերցրել և տնկել մոտ 10.000 ծառ»:
Այս կապակցությամբ «Կարմիր Սար» բնապահպանական հիմնադրամը հայտարարում է'
1. Հիմնադրամը գրանցվել է 03.06.2014թ. և իրականացնում է Ազատ գետի ավազանի որոշակի տարածքի կենդանական աշխարհի պահպանությունը:
2. Հիմնադրամը մինչ օրս որևէ ծառատունկ չի իրականացրել:
3. Հիմնադրամը, Գառնու գյուղապետարանը և «Երևան Ջուր» ՓԲԸ-ն կնքել են պայմանագիր Գառնի համայնքի տարածքում գտնվող 1 (մեկ) հա հողատարածքի վարձակալության վերաբերյալ, որը դառնալու է հանգստի անվճար վայր բոլորի համար (տարածքը հայտնի է «Ուռու գոտի» անունով): Այս պահին այդ տարածքը մաքրվում և բարեկարգվում է «Կարմիր Սար» բնապահպանական հիմնադրամի կողմից:
4. Հիմնադրամում աշխատում է 7 բնապահպան, որոնք բոլորն էլ ծնունդով գառնեցիներ են»: