Ուշագրավ դիտարկում է արել ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը' անդրադառնալով Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի' սպառողների համար գազի սակագինը 9,3 դրամով իջեցնելու որոշմանը:

 

 

Մելքումյանը նշել է, որ դա ոչ միայն արտոնություն չէ Հայաստանի համար, քանի որ այսօր ամբողջ աշխարհում են գազի գներն իջնում, այլ նույնիսկ իջեցնելու նվազագույն չափն է, այսինքն' հնարավոր է ոչ թե 9,3, այլ 15-16 դրամով իջեցնել գազի սակագինը' «հաշվի առնելով այն ռեզերվները, որոնք կարող են հիմք հանդիսանալ այդ 9,3-ից ավելի իջեցնելու համար»: Հիշեցնեմ, որ Միքայել Մելքումյանը տնտեսագետ է և իր ոչ ադեկվատ հայտարարություններով համենայն դեպս երբեք աչքի չի ընկել, ուստի չեմ կարծում, թե նա անհիմն կերպով կարող էր նման բան հայտարարել:

 

 

Ավելի հակված եմ հավատալու, որ եթե ասել է նման բան, ուրեմն դա հնարավոր է: Մնում է' մեր կառավարությունն էլ հավատա Մելքումյանի ասածի հնարավոր լինելուն, ավելի շուտ' ոչ թե հավատա, այլ կամք դրսևորի և այդ ասածը վերածի իրականության: Չէ՞ որ վարչապետը վերջին օրերին պատրաստկամություն է հայտնել վճռականորեն պայքարել երկրում կոռուպցիայի և այլ արատավոր երևույթների դեմ, նաև իրավիճակը բարելավելու, շտկելու ուղղությամբ կոնկրետ քայլեր անել:

 

 

Ահա և քայլ, որը կարող են անել մեր իշխանությունները, մնում է համապատասխան կամք դրսևորեն դրա համար: Վերջապես, դա նաև իրենց շահերից է բխում, քանի որ ժողովրդի վստահությունը շահելու համար պետք է այդ ժողովրդի համար ինչ-որ դրական բաներ անել, և դա արդեն վաղուց էր պետք հասկանալ:

 

 

Թե որքանով են հասկացել և որքան կամք ունեն' կիմանանք շատ մոտ ապագայում, երբ կտեսնենք կամ չենք տեսնի բոլոր ակնկալվող դրական փոփոխությունները: Սպասենք' տեսնենք:

 

 

Կարեն Վարդանյան