ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ մոտ ժամանակներս Վլադիմիր Պուտինը և Էլթոն Ջոնը չեն կարողանա հանդիպում անցկացնել: Ինչպես պարզաբանել է Պեսկովը, դա պայմանավորված է աշխատանքային ժամանակացույցի անհամապատասխանությամբ: Միևնույն ժամանակ նախագահի մամուլի քարտուղարը նշել է, որ հանդիպումն ապագայում չի բացառվում: Այս մասին հայտնում է ren.tv-ն:
«Մենք նամակագրվել էինք նրա հետ մի քանի շաբաթ առաջ: Պայմանավորվածություն է եղել, որ եթե աշխատանքային ժամանակացույցը թույլ տա, նման հանդիպում տեղի կունենա: Այս անգամ չի ստացվի: Սակայն, դա չի նշանակում, որ նման հանդիպումը չի կարող տեղի ունենալ ապագայում...», - ասել է Պեսկովը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է հանդիպել Էլթոն Ջոնի հետ: Մայիսի 30-ին Էլթոն Ջոնը համերգ կտա Մոսկվայում: