Սիրիայի հակամարտության բոլոր կողմերը պետք է հարգեն զինադադարի ռեժիմը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված է «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովի հանրագումարային հռչակագրում:
«Մենք հորդորում ենք բոլոր կողմերին՝ ամբողջովին կատարել մարտական գործողությունների դադարեցման համաձայնությունը, որը ձեռք է բերվել Սիրիայի աջակցման միջազգային խմբի ջանքերի շնորհիվ»,- ասված է փաստաթղթում:
Հռչակագրում նաեւ նշվում է, որ համաշխարհային հանրակցությունը պետք է փոխհամաձայնեցված գործողություններ ձեռնարկի ահաբեկչության դեմ մղվող պայքարում:
«Մենք հաստատում ենք, որ համաշխարհային հանրակցության համար կարեւոր է հետագա հավաքական եւ փոխհամաձայնեցված ջանքեր գործադրել գլոբալ անվտանգության լուրջ սպառնալիքի դեմ պայքարում»,- ասված է դրանում:
Միջոցառման մասնակիցները նաեւ հանդես են եկել ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարելու եւ ծայրահեղականներից մշակութային ժառանգության օբյեկտները պաշտպանելու օգտին:
G7-ի (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Իտալիա, Կանադա, ԱՄՆ, Ֆրանսիա եւ Ճապոնիա) գագաթնաժողովը մայիսի 26-ին բացվել է Ճապոնիայի Իսե-Սիմա (Միեի պրեֆեկտուրա) ազգային զբոսայգում: Մայիսի 27-ին գագաթնաժողովն ավարտում է աշխատանքը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: