Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը հայտնում է, որ «Վերջին զանգի» օրվա առավոտից ոստիկանության ստորաբաժանումներն ուժեղացված ծառայություն են իրականացնելու հանդիսությունների ու զանգվածային միջոցառումների վայրերում: Այս մասին տեղեկացնում են ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

 

Ոստիկանության հաղորդագրության մեջ ասվում է. «Մայիսի 27-ին մեր երկրի ավագ դպրոցներում կրկին «Վերջին զանգի» ավանդական արարողությունն է: Այս անչափ խորհրդանշական, բայց և ամեն անգամ նոր ու անկրկնելի տոնը միայն դպրոցականներինը չէ, բոլորինս է, ուրեմն և բոլորով պետք է անենք առավելագույնը, որպեսզի ոչինչ չմթագնի օրվա տոնականությունը:

 

Ոստիկանությունը նույնպես ողջ ծավալով իրականացնելու է հասարակական կարգի ապահովմանն ուղղված իր գործառույթները' տոնական հանդիսությունների վայրերում մասնակիցների անվտանգությունն ու պատշաճ կարգուկանոնը ապահովելու համար:

 

«Վերջին զանգի»-ից առաջ ճանապարհային և համայնքային ոստիկանության ծառայողները, անչափահասների գործերով տեսուչները հանդիպումներ ու զրույցներ են ունեցել աշակերտների, մանկավարժների, ծնողների հետ, հիշեցրել տոնական օրը հասարակական կարգը, երթևեկության անվտանգությունը, համակեցության կանոնները խստագույնս պահպանելու անհրաժեշտության մասին:

 

Ոստիկանությունը կրկին հիշեցնում ու կոչ է անում հատկապես շրջանավարտներին՝ ձեռնպահ մնացեք մեքենա վարելու գայթակղությունից, հասարակական վայրերում եղեք զուսպ ու հարգալից միմյանց և համաքաղաքացիների հանդեպ, տոնական հրավառություն կազմակերպեք միայն օրենքով սահմանված ժամերին և պահպանելով անվտանգության կանոնները, անվերապահորեն կատարեք ծառայություն իրականացնող ոստիկանների օրինական պահանջները:

 

Ծնողներին հորդորում ենք տրանսպորտային միջոցներ չտրամադրել անչափահասներին: Անհրաժեշտության դեպքում անձամբ վարեք մեքենան, ուսուցիչների հետ ընկերակցեք երեխաներին զանգվածային միջոցառումների ժամանակ. ձեր ներկայությունը կբացառի պատանեկան արկածախնդրության անցանկալի հետևանքները:

 

Տոնական օրվա առավոտից ոստիկանության ստորաբաժանումները ուժեղացված ծառայություն են իրականացնելու հանդիսությունների ու զանգվածային միջոցառումների վայրերում: Ոստիկանությունն անելու է ամեն ինչ՝ հասարակական կարգն ու քաղաքացիների անվտանգությունը ապահովելու համար, դրսևորելու է օրինաչափ խստություն, անհրաժեշտ պահանջկոտություն և անհանդուրժողականություն հասարակական կարգի ցանկացած խախտման հանդեպ՝ ակնկալելով շրջանավարտների, ծնողների, մանկավարժների, ողջ հասարակության միասնությունը, ըմբռնումն ու աջակցությունը:

 

Կրկին շնորհավորում ենք մեր շրջանավարտներին տոնի առթիվ և մաղթում բարի ճանապարհ»:

 

Հանրապետության 1400 դպրոցներում շուրջ 25 հազար 12-րդ եւ 30 հազար 9-րդ դասարանցիներ մայիսի 27-ին կտոնեն վերջին զանգը: