Գյումրու Մուշ թաղամասի 10/2 շենքի դիմաց կիսակառույց մի ցայտաղբյուր կա: Քառօրյա պատերազմի ընթացքում հերոսաբար ընկած 23-ամյա ավագ լեյտենանտ Մերուժան Ստեփանյանի ընկերներն են կառուցում: Մերուժանի մայրը՝ տիկին Նունեն, հոգացել էր այն մասին, որ հարազատներն ու ընկերները ներկա լինեն մեր հանդիպմանը: Ինձ դիմավորում է հենց տիկին Նունեն: Շատ խոսքեր էի նախապատրաստել, բայց երբ բնակարանի դու ռը բացվեց, ինձ այդ խոսքերն այնքան անտեղին ու անիմաստ թվացին, որ ոչինչ չասացի, պարզապես ողջունեցի ու անցա ներս: Հյուրասենյակում էին հայրը, մայրը, քեռին, հորաքրոջ ամուսինը, ընկերները, ուսուցչուհին եւ վերջապես սիրելի հարսնացուն:

 

Տեղավորվեցի բազմոցին, սակայն չգիտեի ինչից, ինչպես սկսել զրույցը: Ի վերջո, չկարողացա խուսափել այդ անտեղին հարցից՝ ինչպե՞ս եք. անտեղին, որովհետեւ դրան հաջորդող ծանր լռությունը չափազանց կանխատեսելի էր:

 

Տիկին Նունեին խնդրեցի, որ  հնարավորինս վերհիշի Մերուժանի կյանքի դրվագները, սկսի 1993 թվականի հունվարի 17-ից:  



 

Զինվոր էր դեռ մանկուց 

«Երբ Մերուժանս ծնվեց, այնքան երջանիկ էի, որ տղա ունեի: Փոքր հասակից շատ հետաքրքիր բնավորություն ուներ. ինչ խաղալիք որ գնում էինք, պիտի լիներ կա՛մ մեքենա, կա՛մ տանկ, ինքը պիտի անպայման քանդեր, տեսներ՝ մեջը ինչ կա, նոր սկսեր խաղալ: Նույնիսկ եթե այդ պահին գնդակով էր ուզում խաղալ ու չուներ գնդակ, ինքը թղթերով էր պատրաստում,  շոր էր կարում դրա վրա ու խաղում էր, մինչեւ իրեն գնդակ կգնեինք: Ինքը մտահղացումներ շատ ուներ, պահի տակ մտածում էր ու կազմակերպում: Մերուժանիս հայրը զինվորական է. տղաս 4 տարեկանից գնում էր զորամաս, սիրում էր, երբ հայրը ասո ւմ էր՝  կուզեիր հետս զորամաս գալ, ու ինքը ժամը 6-ից արթնանում էր, հորը ձայն էր տալիս, թե ուշացանք, արդեն պիտի գնանք: Հետաքրքիրն այն էր, որ հետ գալ  չէր էլ ուզում այնտեղից, սիրում էր նայել, զինվորների հետ վարժություններ կատարել, իրեն այդ ոլորտում ամեն ինչ էր հետաքրքրում, ու հենց այդ ժամանակներից իր սերն էլ արթնացավ դեպի զինվորական կյանքը»:

 

Տիկին Նունեն նշում է, որ Մերուժանը շատ լավ էր տրամադրված ուսմանը, ինչն էլ հետագայում նպաստեց դպրոցում նրա առաջիդության դրսեւորմանը:

 

«Ինքը դասարանում ամենափոքրն էր, 6 տարեկան էր. այնքան փոքրիկ ու թեթեւ էր, որ զանգը իրեն տվեցին, բարձր դասարանցին գրկեց տղայիս, ինքը հպարտորեն զանգը տվեց ու մտավ դասարան: Սիրված էր թե՛ ընկերների, թե՛ ուսուցիչների կողմից:  Անմասն չէր մնում ոչ մի միջոցառումից ու հաճախ էլ հենց զինվորականի դեր էր կատարում»:

Տիկին Նունեն լռում էր, մտորում ու փորձում էր հնարավորինս շատ դրվագներ հիշել որդու կյանքից:

«Մերուժանիս դասարանում աղջիկները շատ էին, տղաները՝ քիչ, ասում էի՝ հանկարծ մեկը չգա, չասի՝ Մերուժը դասի չի նստել: Բայց դե լինում էր, որ չէր նստում, աղջիկներն էին պահում, կամ էլ աղջիկների հետ էր նստում: Ես այդ նույն դպրոցում եմ աշխատում: Մի օր պատմության ուսուցչուհին եկավ, բողոքեց, թե Մերուժանը աղջիկների հետ խանգարում է դասը, ես էլ նախատեցի Մերուժանին, մյուս օրը նորից նույն պատմությունն էր:  Մի օր էլ եկա տուն, հոր մոտ ասացի, հայրը խփեց, ինչից ես շատ վրդովվեցի: Հաջորդ օրը սովորականի պես գնացինք աշխատանքի, ուսուցչուհին կրկին եկավ՝ թե բա Մեր ուժանը նորից դասը խանգարում է, ես էլ կանգնեցի ու ասացի՝ գիտեք, ես բաժանվել եմ Մերուժանի հայրիկից, այլեւս նրանց հետ չեմ ապրում, երեխաներն էլ հոր հետ են. եթե ուզում եք, զանգեք նրան: Ուսուցչուհին մի պահ սթափվեց, ասաց՝ ներողություն ու դուրս եկավ ուսուցչանոցից: Հետո եկանք տուն,  Մերուժին ասացի, որ մի քանի օր ինձ չմոտենա դասամիջոցներին, որ մեզ իրար հետ չտեսնեն: Ինքն էլ այդ օրերին հեռվից տեսնում էր ինձ, ծիծաղելով գալիս էր, գրկում ինձ ու ասում՝ մամ, կա՛մ փող տուր իջնեմ բուֆետ, կա՛մ կգնամ, ընկեր Ասատրյանին կասեմ, որ խաբել ես»:

 

Տաղանդավոր, բարի, մարդասեր, համեստ, հումորով երեխա. նման խոսքերով Մերուժանին բնութագրեց հայոց լեզվի ուսուցչուհին՝ Սիլվա Ղազարյանը, ով նաեւ նրանց հարեւանուհին է:

 

 

 

«Մեր դպրոցի, մեր ուսուցիչների ամենասիրելի աշակերտն էր, շատ յուրահատուկ երեխա էր, անսպառ հումոր ուներ, ամենադժվարին պահին անգամ կարող էր իր հումորով փոխել բոլորի տրամադրությունը»:

 

Ուսուցչուհին մի պահ լռեց, հետո հազիվ զսպելով հուզմունքը ասաց.

 

«Իսկապես մեծ կորուստ էր, Մերուժանը շատ կարեկից էր հարեւաններին, նրանց վշտին: Եթե որեւէ մեկը ինչ-որ բանի կարիք էր ունենում,  միշտ շտապում էր օգնության: Մայրը դպրոցում ուսուցչուհի էր, դա ավելի էր պարտավորեցնում, որ իրեն լավ դրսեւորի: Դպրոցն ավարտելուց հետո էլ հաճախակի էր մեզ այցելում: Գալիս էր դպրոց, դասարանի դուռն էր թակում  մի տեսակ մեղավոր, իր գեղեցիկ ժպիտով ասում էր՝ կարելի՞ է.  հա բա ինչպես չի կարելի, դու ես եկել, Մերուժան ջան, թեկուզ դասը խանգարեիր»: 


Միշտ ուրախ էր, ժպիտը՝ միշտ դեմքին 

«Ընկերների համար միշտ էր ժամանակ գտնում, այդպիսի մի բան չկար, որ զանգեինք, օգնության կանչեինք, ասեր ժամանակ կամ տրամադրություն չունեմ: Միշտ մեզ հետ էր, միշտ միասին»,-ասում է Մերուժանի ընկերը`Հրաչը, եւ հավելում.

 

«Չկար մի բնագավառ, որ նա չտիրապետեր, ամեն ինչից խելքը հասնում էր.  միշտ փորձում էր ուսումնասիրել, գաղափար կազմել տարբեր ոլորտների մասին. ուրախ էր, ժպիտը միշտ երեսին: Եթե անգամ ինչ-որ խնդիրներ էին առաջանում  կամ իրար լավ չէինք հասկանում, դա միշտ ժպիտի տակ էր թաքցնում: Մերուժը երբեք չէր հոգնում,  անընդհատ մի զբաղմունք  էր գտնում»:

 

 

Մայրն ասում է՝ Մերուժանը դեռ  8-9-րդ դասարանում էր որոշել, որ  պետք է ընդունվի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ:

 

«Սկբզնական շրջանում ես էլ, հայրն էլ դեմ էինք, չէինք ուզում, որ այդտեղ շարունակի, բացատրում էինք, թե ինչ դժվարություններ կարող են առաջանալ:  Ինքը լուռ լսում էր ու պարզապես պատասխանում՝  չեմ հիասթափվի: 2009-ին ավարտեց դպրոցը ու այդ տարի էլ ընդունվեց ռազմական ինստիտուտ, հատկապես դժվար էր հաղթահարել կարոտը, որովհետեւ ինքը երբեք մեր տանից չէր բացակայել. նույնիսկ որ ասում էի` մնա տատիկիդ տանը, ասում էր`չէ, մամ, գնանք, տատիկենց տեսնենք, հետո հետ գանք, ամեն մարդ իր տանը պիտի մնա: Այդ կարոտը խեղդում էր նրան, իր միակ դժվարությունը դա էր»:

 

Մերուժանին հետաքրքրում էին արվեստի բոլոր ճյուղերը. երգում էր, նկարում, ստեղծագործում: Հարազատների խոսքով` նա երբեք երաժշտական դպրոց չի հաճախել, բայց ինքնուրույն սովորել էր նվագել շվի, դաշնամուր:

Սա Մերուժանի բանաստեղծությունն է՝ նվիրված քրոջը. 

 

 

 

Իմ լավ քրոջը 

Թեկուզ կյանքում հեռու լինենք

Եվ մեկ-մեկու չհանդիպենք,

Եղբայր բառը լավ իմանաս,

Եվ մենք իրար չմոռանանք,

Չէ՞ որ կյանքի դժվար պահին

Կամ էլ մահվան ճանապարհին

Քեզ կհասնի կյանքն ու սերը,

Մեկ էլ քո ՄԵՐՈՒԺ ախպերը: 


«Վերջին զանգին դասընկերոջ հետ երգ գրեցին ու կատարեցին: Բայց իր ամենասիրած երգը «Պատիվ ունեմ»-ն էր: Միշտ երգում էր՝ կյանքս կտամ հայրենիքիս: Ու այդպես էլ եղավ»,- հավելեց մայրը: 


Մի պահ ուսուցչուհին ընդհատում է զրույցն ու ասում.

«Գիտեք` ինչ կուզեի ասել. երեւի ինքը ծնվել էր հերոս, որովհետեւ հերոսներ ծնվում են հասարակ մարդկանցից. հայրը` զինվորական, մայրը` ուսուցչուհի: Ծնվեց հասարակ մի ընտանիքում ու հերոսացավ, որ մեր այսօրվա խաղաղ օրն ապահովի իր կյանքի, արյան գնով:

 

Ինքը մարեց մոմի պես, որպեսզի մեզ լույս տա. իր այս հերոսությամբ հաղթեց թե՛ մահին, թե՛ թուրքին: Պարզապես շատ դժվար է հաշտվել կորուստի հետ»: 

Ամենասարսափելին Մերուժանի ֆիզիկական բացակայությունն է 

«Մենք պարզապես հայր եւ որդի չէինք, մենք իսկական ընկերներ էինք, ամեն հարցում միշտ իրար կողքի էինք: Մերուժանս  շատ բաներ էր ինձանից սովորում. որ ասում են՝ մի մատ, հազար հունար, դա Մերուժիս մասին է: Ամեն ինչ շատ շուտ էր ըմբռնում ու սովորում, իմ առաջին օգնականն էր: Նույնիսկ հիմա ինչ-որ տեղ ինձ եմ մեղադրում, որ Մերուժանս ընտրեց իմ մասնագիտությունը, բայց նաեւ հպարտ եմ, որ չվախեցավ դժվարություններից»,- ասում է Մերուժանի հայրը` Արթուր Ստեփանյանը, ու հայացքը հառում որդու նկարներին, հետո ասում.

«Ամենասարսափելին միայն նրա ֆիզիկական  բացակայությունն է, բոլորն են խորը ցավ ապրում: Մերուժանս այնքան լավ հետք թողեց, ինչը միմիայն հպարտանալու տեղ է տալիս»:

 

Հոր խոսքով` Մերուժանը իրեն լավ դրսեւորեց ոչ միայն որպես աշակերտ կամ ուսանող, այլեւ որպես հրամանատար:

«Դա ես չեմ ասում, դա իր ենթակա զինվորներն են գրում, որ նրա նման սպա չեն ունեցել: Նա զինվորներից չէր առանձնացնում, բոլորի համար էր մտահոգվում. ուզում էր, որ նրանց համար միջավայրը հարմար լինի, ոչնչի կարիք չունենան. նույնիսկ մտածել էր, դիրքերում լողանալու հարմարություն էր ստեղծել, բլինդաժն էր վերանորոգել: Ինչպես մյուս սպաներն են ասում, շատ գրագետ հրամանատար էր, ինչն էլ փաստացի ապացուցեց»:

 

Տիկին Նունեի խոսքով` այս օրերին շատերն են ընդհուպ արտերկրից կապ հաստատել ընտանիքի հետ, կարեկցել ու առաջարկել իրենց օգնությունը:

«Զինվորներից մեկը գրել էր, որ անչափ հպարտ է, որ ճանաչել է Մերուժանին,  որ տղաս եղել է իր հրամանատարը:  Ես տեղյակ չեմ եղել, որ արձակուրդի ժամանակ Մերուժանս եկել, այցելել էր իր մեկ ուրիշ զինվորին, ով հիվանդ էր, ծանոթացել ծնողների հետ, հարցրել` ինչի կարիք ունեն, իսկ հիմա նրանք են ինձ զանգում ու նույն հարցերը տալիս: Մեկն էլ գրել էր, թե Մերուժանը մեծ մարդ է եղել իր համար. երբ այդ տղան հիվանդ է եղել, բարձր ջերմություն է  ունեցել, տղաս թույլ չի տվել, որ դիրքեր բարձրանա, թեյ ու դեղ է տվել, ու իր զինվորի փոխարեն ինքն է բարձրացել դիրքեր: ՄերուժանÕ ¨ երբեք չէր պարծենում, իր կատարած ոչ մի բանը ցույց չէր տալիս, միայն տրնտջում էր այն բանի համար, որ  իր արածների համար դեռ շքանշան չէր ստացել, զուտ պատվոգրեր: Միշտ ասում էի` քեզ պետք չէ, կարեւորը դու անփորձանք լինես: Ասում էր` մամ, դա էլ է պետք ու տես, թե ես ինչ մարդ եմ դառնալու, ինչ բարձունքների եմ հասնելու: Ես էլ կատակում էի` ասում էի, տղա ջան,  կգնաս նախարարությունում կաշխատես, ես էլ կգամ մաքրող կաշխատեմ, քո սենյակը կմաքրեմ: Ասում էր` չէ,  մամ, դու էդ ժամանակ իմ էրեխեքին կպահես: Արդեն որոշել էր երեխաների անունները` Նունիկ ու Արթուրիկ»:

 

Մերուժանը վերջերս էր նշանադրվել, հարսնացուն` Զառան, Շուշիից է: Տիկին Նունեի  միակ մտահոգությունը այս հարցում Ղարաբաղի բարբառն էր:

 

«Մերուժանը երբեմն զանգում ու սկսում էր Ղարաբաղի բարբառով խոսել, ոչինչ չէի հասկանում, ասում էի` բալե՛ս, բան չեմ հասկանում, հայերեն խոսա, ասում էր՝ մա՛մ, դրա համար հուպ տուր մեկ,  ու սկսում էր հայերեն խոսել. հետո որ իմացա հարսնացուն Շուշիից է, մտածեցի` բա որ խոսի ու չհասկանամ, Մերուժանը` բա մա՛մ, Զառան հայերեն շատ լավ է խոսում: 2015 թվականի դեկտեմբերի 5-ին էր նշանադրությունը. սարսափելի մի ձյունոտ օր: 6 ժամվա փոխարեն 12 ժամում հասանք Շուշի:  Մի քիչ հեռվում կանգնեցրինք ավտոմեքենան, ասի` բալե՛ս, սինին վերցրու, կամաց գնա, մենք էլ՝ քո հետեւից: ԱսաÖ ` մա՛մ, ինձ հետ գործ չունեք, ծաղիկները վերցրեց ու անհետացավ: Մինչ մենք հասանք, ինքը արդեն բարեկամների հետ հասցրել էր խոսել, նկարվել: Մեզ մոտեցավ ու ասաց` մա՛մ, շատ եք ուշացել, նայեք` ինչքան գործ եմ արել»,-պատմում է մայրը:

 

Դեկտեմբերի 8-ից մինչ մարտի 25-ը Մերուժանը եղել է դիրքերում, հարսնացուի հետ Գյումրի են եկել Սուրբ Զատիկը տոնելու, ապա մարտի 31-ին Մերուժանը վերադարձել է Թալիշ, որտեղ եւ հաջորդող օրերին կատաղի մարտեր մղեր թշնամու դեմ: 


Հպարտ հայացքբարի ժպիտվերջին խոսքեր պատիվ ունեմ 

«Ամսի 2-ի առավոտն էր, խոսեցի Մերուժանի հետ: Պատմում էր, թե ինչպես են առավոտյան կռիվ տվել ադրբեջանցիների դեմ, ասում էր` մա՛մ, երկար խոսել չեմ կարող, արձակուրդ կգամ, կպատմեմ, ասում էր` գիտես քանի լեշ եմ փռել: Ես էլ ասում էի` բալե՛ս, շատ մի ուրախացի, նրանք էլ մի տան տղա են:  Ասաց`  մա՛մ, եթե մենք չանենք, մեզ են խփելու. դուրդ կգա՞, որ ես մեռնեմ, բարկացա, ասացի` էլ նման բաներ չասես:  Արդեն  երեկոյան երբ զանգեցի, նեղացած ասաց`  էլ չզանգես, մենակ, դու քեզ լավ նայիր ու դարձավ անհասանելի:

 

Հետո նոր մենք իմացանք, թե ինչ էր պատահել այդ գիշեր, ինչպես էր նահանջի հրաման տվել զինվորներին, որոնցից սակայն երկուսը չենթարկվելով մնացել էին իր կողքին, ինչպես էին փամփուշտները ավարտվելուց հետո դանակով շարունակել կռիվը: Անաստվածները թիկունքից էին հարվածել. եթե այդպես չանեին, որդիս կողքիս կլիներ հիմա»,- ասում է տիկին Նունեն ու լացելով շարունակում. «Ես շատ երջանիկ էի իմ խնդիրներով, բայց համակերպվել որդուս կորստի հետ չեմ կարող: Վերջերս մեզ այցելեց Սեյրան Օհանյանի կինը, ասաց` ինչով կարող եմ օգնել, միայն ասեք, նայեցի իրեն ու ասացի` եթե կարող եք որդուս վերադարձրեք, իսկ  նա ի պատասխան` դա իմ ուժերից վեր է, կներեք, մխիթարվեք միայն նրանով, որ դուք գոնե ձեր որդուն տեսել եք, շատերը նույնիսկ դրա հնարավորությունը չեն ունեցել: Բայց ախր դա էլ ինձ չի մխիթարում»:

 

Հարսնացուն լուռ նստած էր մի անկյունում. ուշադրությամբ լսում էր բոլոր պատմությունները. խնդրեցի, որ նա էլ ինչ-որ մի բան պատմի Մերուժանի մասին:

 

 

«Մերուժանը շատ գրագետ  էր ու հավասարակշռված: Միշտ սիրում էր իմ դասերը իմ փոխարեն անել. եթե ես դժվարանում էի,  գիշերվա կեսն էլ լիներ, գալիս էր, օգնում էր դասերս պատրաստել, հետո արագ վերադառնում էր Թալիշ»:

 

Զարուհին Շուշիի Գյուրջյան ինստիտուտում միջավայրի դիզայն է ուսանում: Նա ասում է, որ Մերուժանը հաճախ էր անակնկալներ մատուցում:

 

 «Գալիս էր ինստիտուտ, զանգում էր՝ թե բա գնացել եմ պոստեր, դուրս էի գալիս միջանցք, տեսնում էի ծաղիկները ձեռքին կանգնած ժպտում է: Իր ժպիտը երբեք մոռանալ չի լինի, անգամ խնդիրների մեջ էլ Մերուժանը միշտ ժպտում էր: Մենակ թեթեւություն զգում եմ նրանով, որ չեմ մտածում, որ զոհվել է, նա դեռ  պոստերում է, ես մինչեւ հիմա սպասում եմ Մերուժանի վերադարձին, հա ու նաեւ այն, որ ինքը իր նպատակին հասավ, իր սեփական ուժով ու արյամբ հասավ իր բարձունքներին»:

Արդեն զրույցի ավարտին խնդրեցի հարազատներին մի քանի նկար տրամադրել: Մերուժանի յուրաքանչյուր նկարը նորովի էր թարմացնում նրանց հիշողությունը. յուրաքանչյուր նկարը մի պատմություն էր:

Տիկին Նունեն նայում է որդու նկարին ու կրկին հուզվում է, ասում է` կարոտը կոկորդս խեղդում է:

«Անընդհատ մտածում եմ` ինչպես մյուսների ծնողներին խղճացիր, զինվորներին հետ ուղարկեցիր, դու էլ  հետ գայիր, թող ասեին` փախել է,  բայց հետո ներքուստ գիտեի, զգում էի, որ  նա երբեք չէր փախչի, ինչի համար այնքան հպարտ եմ:  Զինվորներից մեկը լսել, պատմել է, որ Մերուժանն ասել է` եթե  եկել հասել ենք այստեղ, այսքան առաջ ենք եկել, ուրեմն մինչեւ մահ պիտի շարունակենք: Ես այս օրերին երազ տեսա, Մերուժանս առանց վերքերի, առանց վիրակապերի  ծիծաղելով  եկավ, գրկեց ինձ, ասաց՝ մա՛մ, իմ փոխարեն ուրիշին են բերել, դա ես չեմ: Ես հետ եմ գալու, մարդու չասես , բայց ես հետ եմ գալու: Այդ օրը ես վախենում էի արթնանալ, որովհետեւ ինքը իմ սովորական, բարի, ժպտերես Մերուժանն էր: Ես մինչեւ հիմա էլ  սպասում եմ տղայիս»:

 

Տիկին Նունեն շրջվեց դեպի Մերուժանի համար նախատեսված անկյունը, նայեց որդուն ու կրկին հիշեց նրա սիրած երգի տողերը` հպարտ հայացք, բարի ժպիտ, վերջին խոսքեր պատիվ ունեմ:

 

Հերոսի մոր միակ ցանկությունն այն է, որ որդին, ինչպես նաեւ մյուս հերոսները երբեք չմոռացվեն: 


Հ.Գ. Վերջերս աչքովս մի արտահայտություն ընկավ. «Երբեմն բացականերն այնքան ներկա են, իսկ ներկաներն այնքան բացակա»: Մերուժանն այնքան ներկա էր այս զրույցին. այս օրերին անընդհատ մտածում էի՝ ընդունելով իրեն բաժին ընկած ցավը, մի կողմից ազգս ճանաչեց մեր լուսավոր հերոսներին, բայց դե մյուս կողմից էլ՝ երանի չճանաչեինք, միայն թե ողջ լինեին:

 

Ճախրի՛ր հպարտ քո երազած բարձունքներում, հերո՛ս: 

Մայիսի 23-ին ծնվեց Մերուժանի քրոջորդին, ով կրում է հերոս քեռու անունը` Մերուժան:  

 


 

Քառօրյա պատերազմի ընթացքում ապրիլի 2-ի լույս 3-ի գիշերը Թալիշի մարտական դիրքերում զոհված ավագ լեյտենանտ Մերուժան Ստեփանյանը մայիսի 28-ին հետմահու պարգեւատրվեց «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով: 


Սյուզի Մուրադյան