armnoc.am Մարմնամարզության Հայաստանի հավաքականը մեդալների մեծ պաշարով վերադարձավ շվեյցարական Բեռն քաղաքում կայացած Եվրոպայի առաջնությունից:

Բեռն-Մոսկվա-Երևան չվերթով Հայաստան վերադարձան Եվրոպայի առաջնության չեմպիոն Հարություն Մերդինյանը, փոխչեմպիոններ Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը և Արթուր Ավետիսյանը, ինչպես նաև թիմի մյուս անդամները և մարզիչները' գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանի գլխավորությամբ:

Մարմնամարզիկներին դիմավորելու էին եկել Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը, Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը, մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ, Օլիմպիական խաղերի չեմպիոն Ալբերտ Ազարյանը, բազմաթիվ մարզասերներ, հարազատներ և ընկերներ: