Հունիսի 1-ի՝ երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ «Նվիրենք նրանց հեքիաթ» բարեգործական նախաձեռնությունը համախմբել էր ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների 35 երեխաների ԼՂՀ-ից, Սյունիքի, Շիրակի, Արարատի մարզերից:

 

 

Ծրագրի հեղինակ Աննա Մանասարյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ ծրագրի նպատակը ապրիլյան պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների երեխաների երազանքները ի կատար ածելն է:

 

 

«Ապրիլյան դեպքերից հետո ինձ թվում է՝ յուրաքանչյուրն էլ ցանկացել է ինչ-որ մի բան անել հայրենիքի համար, եւ քանի որ ես երեխաների լուսանկարիչ եմ, ինձ համար հատկապես կարեւոր էին երեխաները: Այս նախաձեռնությամբ երեխաներին պետք է նվիրենք իրենց երազանքները»,- ասաց նա:

 

 

«Երազ» նորաբաց պուրակում կազմակերպված տոնական միջոցառման ընթացքում երեխաների համար երգեցին «Արցախ»-ի ձայներ խմբի սաները: Այգում տեղադրված էին ծրագրի մասնակից բոլոր երեխաների լուսանկարները հեքիաթային կերպարներով:

 

 

Ծրագրի մասնակից 13-ամյա Վարդուհին, ով եկել էր մոր, քրոջ եւ երկու մանկահասակ եղբայրների հետ, մեկ ցանկություն ունի՝ Արցախը տեսնել անկախ:

 

 

«Նվիրենք նրանց հեքիաթ» բարեգործական նախաձեռնությանը միացել են նաև բազմաթիվ բարերարներ, որոնց աջակցությամբ էլ իրականացան երեխաների մի շարք երազանքներ՝ մեկը ցանկացել էր հեծանիվ, մյուսը՝ պլանշետ, Հենրիխ Մխիթարյանի ստորագրությամբ վերնաշապիկ եւ այլն:

 

 

Ծրագրի շրջանակներում ընդգրկված 48 երեխաներից 35-ը, ովքեր ներկա էին միջոցառմանը, ստացան իրենց նվերները: