Ոստիկանությունն ապահովում է Րաֆֆի Հովհաննիսյանի բնակության վայրի անվտանգությունը: Նման խնդրանքով Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին դիմել է ինքը' Րաֆֆի Հովհաննիսյանը:

Այս առնչությամբ, ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ նշվում է.

«Հայաստանի ոստիկանությունը փաստում է, որ ինչպես նախագահական ընտրությունների նախապատրաստական շրջանում, այնպես էլ ընտրությունների անցկացման օրը' 2013 թ. փետրվարի 18-ին, ոստիկանական ծառայությունները իրականացրել են հասարակական կարգը պահպանելու, հնարավոր իրավախախտումները կանխելու, ինչպես նաեւ ընտրությունների բնականոն ընթացքն ապահովելու ուղղությամբ անհրաժեշտ բոլոր գործողությունները: Քաղաքացիների, ՀՀ Նախագահի թեկնածուների, վերջիններիս վստահված անձանց եւ դիտորդների իրավունքների պատշաճ իրացումն ապահովելու նպատակով ձեռնարկվել են ինչպես իրավական, այնպես էլ կազմակերպչական բնույթի մի շարք միջոցառումներ:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ընտրությունների ընթացքում ստացվել են նախագահի թեկնածուների վստահված անձանց եւ լրագրողների նկատմամբ բռնություն կիրառելու դեպքերի վերաբերյալ մի քանի հաղորդումներ: ՀՀ ոստիկանությունն ինչպես մյուս, այնպես էլ հիշյալ հաղորդումներին անհապաղ արձագանքել է եւ ներկայումս իրավական ընթացակարգի պահանջներին համապատասխան իրականցնում է դրանց ստուգումը:

2013 թ. փետրվարի 19-ին ՀՀ ոստիկանությունում ստացվել ու քննարկվել է նաեւ ՀՀ Նախագահի թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի բանավոր դիմումը ոստիկանության պետին' իր բնակության վայրի անվտանգությունն ապահովելու վերաբերյալ:

ՀՀ ոստիկանության պետի նույն օրվա հրամանով հանձնարարվել է համապատասխան ստորաբաժանումներին' 2013 թ. փետրվարի 19-ից կազմակերպել նախագահի թեկնածուի բնակության վայրի շուրջօրյա անվտանգության ապահովումը:

Լուսանկարը՝ ԱրսենՍարգսյանի/NEWS.am