Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով եռակողմ գագաթնաժողովը նախապատրաստվում է Սանկտ Պետերբուրգում: Այս մասին հաղորդում է ՌԻԱ «Նովոստի»-ն'հղում անելով ՌԴ ԱԳՆ-ին:

 

Հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է Ռուսաստանի արտգործնախարարության կայքում, ասվում է, որ այսօր Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգորի Կարասինն ընդունել է Ռուսաստանի Դաշնությունում Ֆրանսիայի դեսպան Ժան-Մորիս Ռիպերին և ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ, «Արևելյան գործընկերության» հարցերով Ֆրանսիայի դեսպան Պիեռ Անդրիոյին:

 

«Զրույցի ընթացքում քննարկվել են հարցեր՝ կապված ուկրաինական ճգնաժամի հաղթահարման միջազգային ջանքերի հետ, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցով Սանկտ Պետերբուրգում կայանալիք եռակողմ գագաթնաժողովի նախապատրաստման հարցերը»,- ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ՝ չնշելով, թե երբ է տեղի ունենալու հանդիպումը:

 

Հանդիպմանը քննարկվել է նաև Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում իրավիճակը: