Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ այդ երկրի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (ԱԶԿ) առաջնորդները Գերմանիայի Բունդեսթագում Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ որպես պատասխան հունիսի 13-ից սկսել են Ստամբուլի հունական Այա Սոֆիա (Սուրբ Սոֆիա) քրիստոնեական տաճարում ամեն օր ժամը 14:00-ին Ղուրանի ընթերցումներ (նամազ) անցկացնել: Բյուզանդական կայսրության Այա Սոֆիա գլխավոր քրիստոնեական տաճարը եղել է Կոնստանդնո ւպոլսի պատրիարքի նստավայրը: Կոնստանդնուպոլսի' թուրքերի կողմից բռնազավթվելուց հետո 1453 թվականին վերածվել էր մզկիթի, իսկ 1935 թվականին' թանգարանի: Ղուրանի ընթերցումները հեռարձակվում է Թուրքիայի պետական կրոնական TRT Diyanet հեռուստաալիքով:

 

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հունական խոշորագույն «Նոր ժողովրդավարություն» կուսակցությունն այդ առնչությամբ հայտարարել է. «Սուրբ Սոֆիայում Ղուրան ընթերցելու մասին թուրքական կողմի որոշումն այն դարձյալ վերածում է մզկիթի: Դա սադրիչ քայլ է, որը ուղղափառ քրիստոնյաների նկատմամբ անհարգալից վերաբերմունքի ցուցադրություն է»:

 

 

Նման կերպ է որակել թուրքական կողմի' Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ վրեժը նաեւ Հունաստանի արտգործնախարարությունը' դատապարտելով թուրքական իշխանություններին Սուրբ Սոֆիայում Ղուրանի ընթերցումների համար եւ հայտարարելով, որ մահմեդական Ռամադան ամսվա կապակցությամբ «համաշխարհային մշակութային ժառանգության հուշարձանում համառ, ֆանատիկոսության հասնող մուսուլմանական արարողությունն անհասկանալի է եւ անհարգալից վերաբերմունքի դրսեւորում է ու իրականության հետ կապի բացակայություն»:

 

 

Տաճարն իր ներկա տեսքով կառուցվել է 532-537 թվականներին Հուստինիանոս I կայսեր նախաձեռնությամբ ճարտարապետներ Իսիդոր Միլեթացու եւ Անթիմիոս Թրալացու կողմից: