Զինված ուժերում յուրացման, վատնման դեպքում պատիժը համեմատաբար մեղմ է, փոխանակ լինի հակառակը
Մարդուն պետության շահերին հարվածող նույն հանցանքի համար պատերազմակա՞ն, թե սովորական իրավիճակում պետք է ավելի խիստ պատժեն: Թերևս բոլորն էլ այս հարցին կտան նույն պատասխանը' պատերազմական…
Հաջորդ հարցը' եթե խաղաղ ժամանակներում (Հայաստանի Հանրապետությունը հիմա պաշտոնապես չի համարվում ռազմական դրության կամ պատերազմի մեջ գտնվող) ճիշտ նույն արարքը, ավելի որոշակի' պետական գույքի հափշտակությունը յուրացման կամ վատնման ձևով կատարել են և՛ քաղաքացիական անձը, և՛ զինվորական ծառայության մեջ գտնվող պետը կամ պաշտոնատար անձը, ապա նրանցից ո՞վ պետք է ավելի խիստ պատժվի: Թերևս էլի բոլորը համամիտ կլինեն մեզ հետ, որ զինվորական ծառայության մեջ գտնվող պետը կամ պաշտոնատար անձը: Համենայնդեպս, որևէ մեկը չի առարկի, որ նրանց պատասխանատվությունը, պատժաչափը Քրեական օրենսգրքով պետք է գոնե նույնը լինի:
Սակայն, արի ու տես, որ ՀՀ քրեական օրենսգրքում կան տրամաբանությունից դուրս գտնվող, խայտառակ, անհանդուրժելի իրողություններ, որոնք օր առաջ պետք է փոխվեն, բայց այդպես էլ մնում են անփոփոխ: Պարզվում է, զինված ուժերում նույն չափի դրամական միջոցների, գույքի յուրացում կամ վատնում կատարած անձը, համաձայն Քրեական օրենսգրքի, ենթակա է ճիշտ նույն արարքը կատարած քաղաքացիական անձի համեմատ մեղմ պատժի:
Կատարյալ անհեթեթություն է, բայց և փաստ:
Հիմա ավելի որոշակի փաստեր ներկայացնենք. ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածը պատասխանատվություն է ներկայացնում յուրացման կամ վատնման համար: Նույն հոդվածի 3-րդ մասի և 3-րդ մասի 1-ին կետի համաձայն, եթե նույն արարքը կատարվել է առանձնապես խոշոր չափերով, ապա այդ արարքը կատարած անձը պատժվում է ազատազրկմամբ' հինգից ութ տարի ժամկետով' գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա: Օրենսգրքի տվյալ հոդվածը չի վերաբերվում զինվորական ծառայության մեջ գտնվող պետի կամ պաշտոնատար անձի կողմից կատարված յուրացման կամ վատնման դեպքերին: Այդպիսի դեպքերում նրանց մեղադրանք է առաջադրվում ՀՀ քրեական օրենսգրքի «Զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագործություններ» գլխում ներառված 376-րդ հոդվածի («Անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ») կամ 375-րդ հոդվածի («Իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը») հատկանիշներով:
376-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն' ծառայության նկատմամբ պետի կամ պաշտոնատար անձի անփույթ վերաբերմունքը, եթե այն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, պատժվում է ազատազրկմամբ' երեքից վեց տարի ժամկետով: Հիմա այս պատժաչափը համեմատեք վերևում նշված պատժաչափի (5-8 տարի) հետ ու տեսեք ակնհայտ տարբերությունը:
375-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն' Պետի (հրամանատարի) կամ պաշտոնատար անձի կողմից իշխանությունը կամ պաշտոնեական դիրքը չարաշահելը, իշխանազանցությունը կամ պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելը, ինչպես նաև իշխանության անգործությունը, եթե այդ արարքները կատարվել են շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, և եթե դրանք նյութական ծանր հետևանքներ են առաջացրել, պատժվում են ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով' գույքի բռնագրավումով կամ առանց դրա: Սա էլ համեմատեք վերևում նշված պատժաչափի (5-8 տարի) հետ, ու կտեսնեք, որ զինվորական ծառայության մեջ գտնվող պետը կամ պաշտոնատար անձը զինված ուժերում նույն արարքի' առանձնապես խոշոր չափերով յուրացում կամ վատնում կատարելու դեպքում դատապարտվելով 375-րդ հոդվածի հատկանիշներով (նրանց կողմից յուրացում կամ վատնում կատարելու դեպքում քր. պատասխանատվություն նախատեսող այլ հոդված պարզապես գոյություն չունի, բացի 375-րդից և 376-րդից), և անգամ առավելագույն պատժաչափ ստանալու դեպքում 1 տարով պակաս է ազատազրկվելու, քան քաղաքացիական անձը:
Ա. Հովհաննիսյան