Հարկային նոր օրենսգիրքը, չնայած դրա շուրջ վերջին մի քանի օրերին ընթացող բուռն բանավեճերին, ԱԺ-ը հաստատեց: Այն, որ դժվար կարելի կլինի գտնել ևս մեկ փաստաթուղթ, որի շուրջ բարձրացած աղմուկն այսքան մեծ եղած լինի, անհերքելի է. բանը հասել էր նրան, որ դրան սկսել էին դեմ հանդես գալ ոչ միայն խորհրդարանի ընդդիմադիր ուժերի պատգամավորներն, այլև, որ խիստ հազվադեպ է մեզանում պատահում, մի շարք իշխանական պատգամավորներ ու գործարարներ, որոնք, ելնելով բացառապես սեփական գրպանային շահերից, շատ հստակ սպառնալիքներ էին տեսնում' ուղղված իրենց ունեցած բիզնեսներին:


Դատելով, սակայն, քվեարկության արդյունքներից, պետք է ենթադրենք, որ նախագծին դեմ արտահայտված հանրապետականներից ոմանց, այնուամենայնիվ, հասցրին ենթարկել համապատասխան ինստրուկտաժի ու, ասենք, նույն Հակոբ Հակոբյանը, որը նոր Հարկային օրենսգրքի կատաղի ընդդիմախոսներից էր, ոչ միայն կողմ է քվեարկել նախագծին, այլև լրագրողների հետ իր վերջին հանդիպմանը փորձել է արդարանալ, թե որոշ կետեր լավ չէր հասկացել. բացատրեցին, հասկացավ (սա, թերևս, աներկբա ապացույցն է այն բանի, որ իշխանական կուսակցությունում կառավարումը կրում է բացառապես ուղղահայաց բնույթ, ուր այս կամ այն հարցի վերաբերյալորոշումներն ընդունվում են մեկի կողմից, իսկ մյուսները հանդես են գալիս միայն «գլխով անողների» դերում…):

 

Այն, որ Հայաստանը երբեք էլ բիզնեսի համար դրախտավայր չի եղել, անվիճելի ճշմարտություն է:Սույն փաստի հիմքում, մշտապես ընկած են եղել ոչ այնքան օբյեկտիվ, որքան սուբյեկտիվ գործոններ, որոնց նախապատճառը եղել է կառավարության չկամությունը կամ տկարությունը' երկրում կենսունակ հարկային դաշտ ձևավորելու, որը մարդկանց ոչ թե կխոչընդոտեր բիզնեսով զբաղվել, իսկ բարիք ստեղծող քաղաքացին էլ հարկային մարմինների կողմից կդիտարկվեր բացառապես որպես «փող քերելու» օբյեկտ, այլ կստեղծեր համահավասար դաշտ' խրախուսելով մարդկանց գործարար ջիղը:


Ինչ վերաբերում է նոր Հարկային օրենսգրքին, որն այլևս մեր իրականության անքակտելի մասն է դարձել, ապա պետք է նշենք, որ այն ուսումնասիրելիս ակամա համոզվում ես, որ դրա ընդունմամբ Հայաստանն առաջիկա տարիներին այլևս դատապարտվելու է տնտեսական ամայացման. ոչ միայն գործնականում անհնարին է դառնալու օտարերկրյա կապիտալաներդրումների տեսական հնարավորությունը, այլև տեղացիների կողմից այստեղ նոր գործ սկսելն է բոլորովին անիմաստ դառնալու, իսկ եղածներն էլ հայտնվելու են հարվածի տակ:

 

Ամբողջ խնդիրը նրանում է, որ նոր Հարկային օրեսնգրքով նախատեսվում է առաջիկայում մի շարք ուղղություններով հարկերի բարձրացում' բաժնետոմսերի և դիվիդենտների հարկում, բենզինի և ծխախոտի ակցիզ, անհատ ձեռներեցների և նոտարների համար մտցվելու է 5 հազար դրամ ամսական շահութահարկ և այսպես շարունակ:


Որքան էլ Աբրահամյանի կառավարությունում շարունակեն հանրությանը կամ պատգամավորներին անուղղակիորեն հասկացնել, որ այս ամենը մեզ պարտադրված է Համաշխարհային բանկի կողմից, դա որևիցե հարց, ըստ էության, չի լուծում. այս ամենի ողջ բեռը կրկին ընկնելու է հասարակության աղքատ հատվածի ուսերին, ու հասարակներս ենք ստիպված լինելու կրել բոլոր այն դժվարությունները, որոնք մեր «վզին են փաթաթվել» դրսից. սովորական դարձած սցենար, որը կրկին կյանքի է կոչվում կառավարության թեթև ձեռքով:


Դավիթ ԲԱԲԱՆՈՎ