Իտալիայում ՀՀ դեսպանության հովանու ներքո և Հռոմի Դանթե Ալիգիերիի ինստիտուտի կազմակերպմամբ հունիսի 13-ին տեղի է ունեցել «Դանթեի ընկալումը Հայաստանում» միջոցառումը:

 

Միջոցառման մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքում Իտալիայում ՀՀ դեսպան Վիկտորիա Բաղդասարյանը բարձր է գնահատել նմանօրինակ միջոցառումների նախաձեռնումը՝ երկու ժողովուրդների մշակութային համագործակցության խրախուսման համատեքստում: Հաղորդագրության մեջ նաև նշված է. «ՀՀ դեսպանը հակիրճ անդրադարձավ հայ գրականության վրա Դանթեի ստեղծագործությունների ունեցած ազդեցությանը:

 

Միջոցառման բանախոսն էր Վենետիկի Կա՛ֆոսկարի համալսարանի հայագիտության ամբիոնի պրոֆեսոր Սոնա Հարությունյանը, ով ներկայացրեց Մխիթարյան միաբանության կարևոր դերը Դանթեի ստեղծագործությունները հայերեն թարգմանելու և հայկական շրջանակներում տարածելու գործում: Սոնա Հարությունյանն ընդգծեց, որ Հայր Արսեն Բագրատունու թարգմանությունների շնորհիվ հայերը Դանթեի ստեղծագործություններին ավելի վաղ ծանոթացան, քան ասիական երկրները և անգամ եվրոպական շատ երկրներ: Նա հանգամանալից անդրադարձավ այն ազդեցությանը, որ Դանթեի ստեղծագործություններն ունեց ել են հայ գրականության վրա 19-րդ դարից մինչ արդի ժամանակները:

 

Ելույթներով հանդես եկան նաև Կոշենցայի Դանթե Ալիգիերիի ինստիտուտի հանձնաժողովի անդամներ Տերեզինա Չիլիբերտին և Մարիա Քրիստինա Պարիզե Մարտիրանոն: Միջոցառմանը ներկա էին Դանթե Ալիգիերիի ընկերակցության նախագահ Ալեսանդրո Մասին, գրականագետներ և ուսանողներ»: