Ամերիկացի օրենսդիրները վերադարձրել են 2013 թվականին Ադրբեջանի կառավարության գաղտնի ֆինանսավորած այցի ժամանակ ստացած թանկարժեք նվերները: Այս մասին հայտնում է The Hill-ը:

 

Խոսքը նեֆրիտի ականջօղերի, թեյի սպասքի, մետաքսե շարֆերի, գորգերի և այլնի մասին է: Նվերները վերադարձվել են այն բանից հետո, ինչ դիտորդական խումբը վճռել է, որ այդ այցը հակասել է ամերիկյան օրենքներին:

 

Կոնգրեսի էթիկայի գրասենյակի (OCE) հաշվետվությունում նշված է, որ 2013 թվականին կոնֆերանսի մասնակցելու նպատակով Ադրբեջանի մայրաքաղաք Բաքու է այցելել Կոնգրեսի 9 անդամ, որոնց ուղեկցել է 32 մարդ և նրանցից յուրաքանչյուրը ստացել է հազարավոր դոլարների նվերներ:

 

Օրենսդիրների մի մասը Բաքվի կոնֆերանսից հետո այցելել է Թուրքիա, ուր և ստացել է հավելյալ նվերներ: Հաշվետվությունում, որը ներկայացվել է նախորդ տարվա մայիսի 8-ին, նշված է, որ կոնգրեսականների այցը ֆինանսավորել է Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը (SOCAR)՝ ՀԿ-ների միջոցով հատկացնելով 750.000 դոլար, և որ օրենսդիրներն ու նրանց օգնականները հնարավորություն չեն ունեցել իմանալ, թե ինչպես է ֆինանսավորվում այցը:

 

Զեկույցի ներկայացվելուց հետո՝ 2015 թվականի հուլիսին, օրենսդիրները սկսել են վերադարձնել ստացած նվերները: