Դիմանկարներից մարդկանց վրա ուղղված խոսուն հայացքներ, աբստրակտ ոճի մանրաքանդակներ, բազմազան գրաֆիկական աշխատանքներ, հարթաքանդակներ, պատկերային պատկերաքանդակներ, գունագեղ գեղանկարներ' Բենիկ Պետրոսյանի արվեստի գեղեցիկ և յուրօրինակ գործերը հունիսի 17-ից մինչև հուլիսի 10-ը զարդարելու են Հայաստանի ազգային պատկերասրահի սրահները:

 

Հունիսի 17-ին բացված «Բենիկ Պետրոսյանի բրոնզե դարը» խորագրով հետահայաց ցուցահանդեսը նվիրված է նշանավոր քանդակագործի մահվան 20-րդ տարելիցին: Ցուցահանդեսի բացմանը ներկա էին մի խումբ արվեստագետներ, արվեստասերներ և արվեստագետի ընտանիքի անդամները:

 

ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի խոսքով, Բենիկ Պետրոսյանը թողել է արվեստի մեծ ժառանգության և դրա հետ մեկտեղ նա իր երկրին պարգևել է տաղանդավոր ընտանիք, որի անդամները շարունակում են նրա գործը:

 

«Բենիկ Պետրոսյանը համարվում է հայկական արվեստում մանրաքանդակի հիմնադիրներից մեկը: Իմ կարծիքով' Բենիկի փառաբանումը, մեծարումը ուշացել է: Մենք ամեն ինչ կանենք, որ Բենիկի ժառանգության որոշ մասը մնա Հայաստանում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ' ասաց Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը:

 

Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր, պրոֆոսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արամ Իսաբեկյանը, հիշելով մեծանուն արվեստագետին, նշեց. «Ես ու Բենիկը նույն բակում էինք ապրում, ես նրան ճանաչում եմ շատ փոքր տարիքից: Նա բակում երեխաների համար կուռք էր դարձել, նրա երևակայությունը անսպառ էր: Բենիկը շատ աշխատասեր, բարի, պատրաստված անձնավորություն էր»:

 

«Ժամանակը ավելի է հարստացրել Բենիկ Պետրոսյանի արվեստը: Նրա արվեստը ճշմարիտ է և ժամանակակից: Բենիկի նման արվեստագետը պատիվ է մեր մշակույթին, մենք պետք է միայն գլուխ խոնարհենք նրա հիշատակի առաջ»,- ասաց նկարիչ, արվեստի վաստակավոր գործիչ Փարավոն Միրզոյանը: