Թուրքիայի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Բերաթ Ալբայրաքը նշանակվել է Թուրքիա-Ադրբեջան միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ:

 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Անատոլու» լրատվական գործակալությունը' նշելով, որ այդ մասին հրամանագիրը ստորագերլ է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը:

 

Բերաթ Ալբայրաքը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դստեր ամուսինն է, այսինքն' փեսան:

 

Նույն հրամանագրով Էրդողանի փեսան նշանակվել է նաեւ Ալժիրի, Չինաստանի, Լիբիայի, Նիգերիայի եւ Վենեսուելայի հետ Թուրքիայի առեւտրատնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի նախագահ:

 

Ադրբեջանի կողմից թուրք-ադրբեջանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահն Ադրբեջանի փոխվարչապետ Աբիդ Շարիֆովն է:

 

2013 թ. դեկտեմբերի 17-ին տեղի ունեցած «Մեծ կաշառք» հակակոռուպցիոն գործողության ընթացքում կաշառակերության, կոռուպցիայի, ոսկու մաքսանենգության, դրամաշորթության եւ ապօրինությունների մեղադրանքներով 3 նախարարների որդիների, մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների եւ գործարարներ Ռեզա Զարրաբի, Ալի Աղաօղլուի հետ միասին ձերբակալվել էին 50-ից ավելի անձինք, որոնք կասկածվում էին Իրանի եւ Ադրբեջանի հետ էներգետիկական համագործակցության բնագավառում մոտ 200 մլրդ դոլար յուրացումների մասնակցության մեջ: Այդ աղմկալից սկանդալում Էրդողանի որդու եւ դստեր հ ետ շրջանառվում էր նաեւ նրա փեսայի' Բերաթ Ալբայրաքի անունը: Ռեզա Զարաբի հետ կոռուպցիոն կապեր ունենալու մեղադրանք էր առաջադրվել նաեւ Թուրքիայի' Եվրամիության հարցերով այն ժամանակվա նախարար Էգեմեն Բաղըշի նկատմամբ: Գործին ներքաշված լինելու մեջ մեղադրվում էր նաեւ Էրդողանի որդին' Բիլալ Էրդողանը:

 

Էրդողանն ու իր գլխավորած ԱԶԿ-ն այդ ամենը կապեցին «Հիզմեթ Հարեքեթի» ազդեցիկ կրոնական կազմակերպության առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենի համայնքի հետ' պնդելով, թե այն Թուրքիայում դարձել է «զուգահեռ պետություն» եւ վնասում է երկրին:

 

Էրդողանին հաջողվել էր անմիջապես աշխատանքից ազատել կառավարության 10 նախարարներին եւ գործարարների ու չինովնիկների ձերբակալությունները նախաձեռնած ոստիկանության 500-ից ավելի բարձրաստիճան աշխատակիցների եւ դատական գործեր հարուցել նրանց դեմ' մեղադրելով նրանց գործող վարչակարգի նկատմամբ անհավատարմության մեջ: Էրդողանին այն ժամանակ զայրացրել էր այն, որ ոչ ոստիկանությունը, ոչ էլ դատախազությունն իրեն չեն տեղեկացրել իր գործընկերների գործունեության հետաքննության մասին: Այսպես կոչված «գյուլենականների որսը» Թուրքիայում մինչ օրս շարունա կվում է: