ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հետ կքննարկի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը, հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:
Ինչպես ավելի վաղ լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը, ենթադրվում է, որ Պուտինը նախ՝ առանձին հանդիպումներ կունենա Սարգսյանի ու Ալիևի հետ, որից հետո երեք նախագահները բանակցություններ կվարեն միասին:
Ուշակովի խոսքով՝ Կրեմլը մտադիր է ձեռնարկել ակտիվ քայլեր, որպեսզի աջակցի կողմերին՝ կարգավորելու այդ հակամարտությունը: Նա հիշեցրել է, որ Ռուսաստանն արդեն իսկ վճռորոշ դեր է խաղացել այս տարվա ապրիլի սկզբին Ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունները դադարեցնելու համար:
«Այժմ մենք մեր միջնորդական առաքելությունը կիրականացնենք, բնականաբար, ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս
համանախագահների հետ ամբողջական փոխգործակցությամբ՝ այն սկզբունքների հիման վրա, որոնք առաջարկվել են 2009-2013 թվականներին Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի նախագահների հայտարարություններին համապատասխան: Այդ սկզբունքները մասնավորապես վկայում են Ղարաբաղյան հիմնախնդիրն ուժային ճանապարհով լուծելու անթույլատրելիության մասին»,- ասել է Ուշակովը: