«Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում տեղեկություն է հրապարակվել այն մասին, որ ՀԱԿ-ի համամասնական ցուցակով պատգամավոր դարձած, այնուհետև ՀԱԿ–ից հեռացած Լյուդմիլա Սարգսյանը քաղաքական նոր տանիք է որոնում և փորձում է տեղավորվել Վարդան Օսկանյանի «Համախմբում» կուսակցության կողքին: Թերթը նկատել է նաև, որ Լյուդմիլա Սարգսյանն իր հարցազրույցներից մեկում հիացմունքով է խոսել Օսկանյանի կուսակցության մասին:

 

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում պատգամավորը հերքեց լուրն` իր կողմից քաղաքական կտուր որոնելու վերաբերյալ և շեշտեց, որ ինքը բոլոր քաղաքական ուժերի հետ ունի նորմալ հարաբերություն, այդ թվում նաև «Համախմբում» կուսակցության հետ:

 

«Ես հաստատ գիտեմ հրապարակման շարժառիթը, հետևաբար անիմաստ եմ համարում այդ թերթին արձագանքելը: Ինձ առանձնապես չի հետաքրքրում` ինչ են գրում, ափսոսում եմ, որ իրենք իրենց ամբողջ ջանքերը ներդնում են` ինձ կտուր փնտրելու ուղղությամբ: Կարող են ավելի արդյունավետ աշխատանքներ տանել կուսակցաշինության ոլորտում, քաղաքական ոլորտում, և կարծում եմ, որ իրենց նպատակը Լյուդմիլա Սարգսյանը չպետք է լինի և անընդհատ ինչ-որ ինտրիգների մեջ ներքաշեն»,- ասաց նա և խորհուրդ տվեց ՀԱԿ կուսակցությանը` համակերպվել, որ ինքն այլևս իրենց հետ չէ: