Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, նրա Գերագույն հոգևոր խորհրդի անդամները սա պետք է առաջնահերթորեն գիտակցեն: Թե ինչո՞ւ` գրված է այս հոդվածի վերջում:
Ըստ մեր ստացած հավաստի տեղեկատվության, քիչ առաջ բողոքի ցույց էր ընթանում Ստամբուլի Գում Գաբու շրջանում գտնվող Պոլսի հայոց պատրիարքարանի մայր մուտքի դիմաց, որն այժմ էլ գուցե դեռ շարունակվում է: Արդարացի ընդվզմամբ բողոքի ցույցին մասնակցող հայերը պահանջում են Պոլսի պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի հրաժարականը` կապված Թուրքիայի նախագահին ուղղված նրա խայտառակ նամակի հետ: Պատրիարքի փոխանորդի գործունեության դեմ ելույթներով են հանդես եկել համայնքային գործիչները: Կազմակերպիչ մարմնի անունից պետք է ելույթ ունենար կամ արդեն ունեցել է պոլսահայ իրավաբան և հասարակական գործիչ Թադեոս Պեպեքը:
Ինչպես արդեն հայտնի է, Հայոց ցեղասպանությունը ճանաչող Գերմանիայի Բունդեստագի բանաձևի ընդունման առնչությամբ Թուրքիայի նախագահին հասցեագրած իր սրբապիղծ նամակում Արամ Աթեշյանը (Արթին Աթեշ), ըստ էության, հրապարակավ ուրացել էր Հայոց ցեղասպանությունը և այդպիսով պղծել ավելի քան մեկուկես միլիոն սրբադասված նահատակների սուրբ հիշատակը:
Հիշեցնենք, որ Պոլսի պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը ս. թ. հունիսի 2-ին Գերմանիայի Բունդեստագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող ու դատապարտող որոշումից հետո Facebook-ում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ուղղված նամակ է գրել, որում մասնավորապես նշված է. «Առաջին համաշխարհային պատերազմի ողբերգական շրջանում տեղի ունեցած իրադարձությունների մասին Գերմանիայի հանրապետության Ազգային ժողովի ընդունած որոշումը մեր ժողովրդի շրջանում խոր վիշտ է առաջացրել։ Սրտից բխող և անկեղծ զգացմունքներով Ձերդ գերազանցությանը տեղեկացնում ենք, որ Թուրքիայի հայկական համայնքը կիսում է այս վիշտը»։ Աթեշյանն իր նամակում նշել է նաև. «Ձերդ գերազանցություն, հայ ազգը օգտագործվում է իմպերիալիստական ուժերի կողմից»:
Տեղեկացնենք նաև, որ Պոլսի Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի Հայաստան այցի չեղարկման մասին լուրը Մայր աթոռ Սուրբ Էջմիածինն այսօր հաստատել է: Այն, որ այս օրերին Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը Հայաստան չի ժամանելու, հայտարարել է Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանը: Այդ մասին հայտնել են նաև Ստամբուլի աղբյուրները, որոնց թվում նաև` հայտնի մտավորականներ: Վերջիններիս կողմից Աթեշյանի այցելության չեղարկման պատճառը ենթադրաբար ներկայացվում է Հայաստանում ստեղծված մթնոլորտը: Այո, այդ մթնոլորտը եթե չասենք Աթեշյանի նկատմամբ թշնամական, ապա իսկապես լարված է և Պատրիարքի փոխանորդի այցելության համար, մեղմ ասած, անբարենպաստ: Նրան այստեղ պարզապես պատրաստվում էին դիմավորել ձվերով ու պոմիդորներով, բողոքի ցույցերով և երթերով, որոնք, հարկ եղած դեպքում, կազմակերպվելու էին նաև Էջմիածնում:
Ըստ ավելի վաղ Պոլսո պատրիարքարանի կայքում տեղադրված հաղորդագրության, Աթեշյանը Հայաստան պետք է ժամանի՝ մասնակցելու «Գերագոյն Հոգեւոր Խորհուրդի նիստերուն, ինչպէս նաեւ Կաթոլիկ Եկեղեցւոյ Հոգեւոր Պետ՝ Ն.Ս. Ֆրանսիսկոս Սրբազան Պապի Հայաստան այցելութեան առթիւ կազմակերպուած հանդիսութեանց»։
Արդեն պարզ է, որ Աթեշյանն այս օրերին չի գալու Հայաստան ու չի մասնակցելու Հռոմի Պապի այցելության (վերջինս Հայաստանում է լինելու հունիսի 24-ից 26-ը) առթիվ կազմակերպված հանդիսություններին, ինչը, սակայն, չի բացառում նրա այցելությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գերագույն հոգևոր խորհրդի ժողովին, որը նախատեսված է Հռոմի Պապի հիշյալ այցելությունից հետո: Մայր Աթոռը, սակայն, դեռ չի հայտնել, թե որոշակի երբ է լինելու Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը:
Ինչպես արդեն հայտնի է, հայրենասեր քաղաքացիների մի խումբ Արամ Աթեշյանի այցի մասին լսելուց անմիջապես հետո նախաձեռնել է «Թույլ չենք տալու Արամ Աթեշյանին Հայաստան մտնել» անվանումով քաղաքացիական շարժում: Նախաձեռնող խումբը կոչ էր արել հունիսի 22–ին, ժամը 13:00-ին մեկնել «Զվարթնոց» օդանավակայան՝ Աթեշյանի մուտքը մեր երկիր թույլ չտալու համար, սակայն արդեն հայտարարել է, որ «Զվարթնոց» օդանավակայանում նախատեսված ակցիան չի կայանա:
Կան որոշ հիմքեր ենթադրելու, որ այս օրերին Հայաստան կատարելիք այցից Աթեշյանի հրաժարվելու հարցում իր դերը, թերևս վճռորոշ դերն է կատարել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից նրան ուղղված չգալու պահանջը կամ հորդորը` անցանկալի և ամոթաբեր հետևանքների սթափ գիտակցմամբ: Եթե դա իրոք այդպես է, ապա հուսանք, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն Աթեշյանից կպահանջի կամ նրան կհորդորի Հայաստան չգալ նաև Գերագույն հոգևոր խորհրդի առաջիկա ժողովին մասնակցելու համար: Կարծում եմ, Մայր Աթոռը և անձամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսը վերոնշյալ քայլով կբարձրացնեն իրենց հեղինակությունը (ինչն, ի դեպ, անհրաժեշտություն է), և ճիշտ հակառակը, եթե Աթեշյանի այցը, այնուամենայնիվ, կայանա` Երևանում կամ Էջմիածնում անխուսափելիորեն արժանանալով շատ վատ ընդունելության: Այս հարցում հիշյալ նախաձեռնությունը, որի անդամները գնալով ավելանում են, խիստ վճռական է տրամադրված:
Հայաստան Պոլսի պատրիարքի փոխանորդի այցը կանխելը, սակայն, դեռ բավարար չէ: Անհրաժեշտ է նրան ուղղակի կարգալույծ անել, ինչը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գերագույն հոգևոր խորհրդի պարտականությունն է, եթե, իհարկե, նրա անդամները մտահոգ են Գերագույն հոգևոր խորհրդի հեղինակությամբ ու հասկանում են, որ միմիայն այդ կերպ կարող են խաղաղություն պարգևել Հայոց ցեղասպանության մեր սրբադասված նահատակների խռոված հոգիներին, որոնց հիշատակը հանդգնել է հրապարակայնորեն պղծել Էրդողանին ստորաքարշորեն հաճոյանալ ու քծնել շտապած Արամ Աթեշյանը:
Վերջինս չի մտածել նաև (կամ գուցե մտածե՞լ է…), որ իր այդ արարքով ստվեր է գցում արքեպիսկոպոսի բարձր կոչման վրա և խաղում ողջ հայ ժողովրդի պատվի հետ: Գիտեք, կան ներելի և աններելի արարքներ, ներելի և աններելի հանցանքներ… Եթե մինչև հիմա Արամ Աթեշյանին ինչ-որ բաներ կամ շատ բաներ ներվել են, այս մեկը հաստատ չի ներվելու: Հուսամ, որ սա գիտակցում են նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում:
Արթուր Հովհաննիսյան