Սանկտ-Պետերբուրգում տեղի ունեցած եռակողմ հանդիպումն այլևս անցյալում է: Չնայած պաշտոնական շրջանակներից հնչող մի շարք լավատեսական հայտատարություններին, թե այս հանդիպումը փոքր, բայց կարևոր քայլ էր' հակամարտության կարգավորման ուղղությամբ, փաստը մնում է փաստ, որ պատերազմի վտանգն այս հանդիպումն ամենևին էլ չչեզոքացրեց, իսկ ներկայումս տարածաշրջանում հաստատված փխրուն խաղաղությունն ամենևին էլ հավիտենական չէ: Թեև դեռևս շատ հստակ չէ, թե որոնք էին բանակցություններում տեղ գտած հիմնական շեշտադրումները, բայց ինչպես արդեն իսկ կարելի է տեղեկանալ ադրբեջանական կողմի՝ սանկտպետերբուրգյան հանդիպման վերաբերյալ արձագանքներից, բանակցությունների հիմնական մեխը հանդիսացել է արցախյան խնդրի լուծման փուլային տարբերակը. Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, արտաքին կապերի բաժնի պետ Նովրուզ Մամեդովը հայտարարություն է տարածել, այն մասին, որ հանդիպման ժամանակ համաձայնություն է ձեռք բերվել Ղարաբաղյան հակամարտության փուլային կարգավորման շուրջ: «Հանդիպման ժամանակ նախապատվությունը տրվել է հակամարտության փուլային կարգավորմանը: Այսինքն՝ կոնֆլիկտը պետք է լուծվի փուլերով. նախ ազատում են 5 շրջանը, ապա՝ ևս 2 շրջանը, և հստակեցվում է միջանցքը: Ապա հստակեցվում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը: Կողմերը համաձայնության են հասել այդ ուղղությամբ»,- հստակեցրել է ազերի պաշտոնյան:
Մեր երկրում վերջին օրերի թիվ մեկ թեման, թերևս, հենց կայացած բանակցություններն են: Յուրաքանչյուր ոք, ով իրեն քիչ թե շատ կոմպետենտ է համարում, սեփական պարտքն է համարում խոսել այս խնդրի վերաբերյալ. փորձագետները, քաղաքական գործիչները, կուսակցությունների առանձին ներկայացուցիչներ չեն դադարում կիսվելեւց սեփական խոհերով՝ փորձելով ընդգծել ոչ միայն անձամբ իրենց, այլ նաև թիմի կարծիքը:
Այսպես՝ պարզվում է՝ սանկտպետերբուրգյան բանակցությունների մասին կարծիք է հայտնել նաև ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը, ով հայտարարել է, թե, ընդհանուր առմամբ, Սանկտ-Պետերբուրգի հանդիպումներից ստացած տպավորությունը դրական է, բայց փաթեթային լուծումը կարող է փոխվել՝ դառնալով հանգրվանային, ինչը մեր շահերից չի բխում:
Համաձայնե՛ք, փաստը, որ դաշնակցական առանցքային գործիչը բավական հանդուրժողական տոնայնությամբ է արտահայտվում թուրքերին ձեռնտու տարբերակի վերաբերյալ, ինքնին չափազանց խոսուն է: Նրանք, ովքեր երբեք անտարբեր չեն եղել Դաշնակցության նկատմամբ ու ինչպես ներկայումս, այնպես էլ նախկինում հետևել են այս կուսակցության ներհայաստանյան գործունեությանը, կարող են վկայել, որ ինչ-որ մի բան կուսակցության ներսում փոփոխության է ենթարկվել ճիշտ այն օրվանից, երբ դրա պարագլուխները դարձան կոալիցիայի մի մասը:
Եթե մինչ այդ դաշնակցականները հանդես էին գալիս կրքոտ հայրենասիրական ճառերով՝ «ոչ մի թիզ հող թշնամուն» կարգախոսը՝ բերաններին ու, ըստ էության, թունդ հայրենասեր ձևանում, ապա հիմա, ինչպես երևում է, փոշմանել են. չէ՞ որ արդեն հասել են իրենց բաղձալի երազանքին ու սողոսկել կառավարություն. էլ ինչների՞ն է պետք ավելորդ անգամ լարվածություն ստեղծելն ու հովանավորներից առաջ ընկնելը: Դրա փոխարեն Արծվիկ Մինասյանի միջոցով սուս-փուս «Արմֆոն» են գովազդում, ու սեփական փորձով ապացուցում՝ հայրենասիրությունը միայն թուրքի դեմ կռիվ տալու մեջ չէ, այլև՝ «Արմֆոնի», ինչի ապացույցը Մինասյանի «անձնուրացությունն» է՝ նախապատվությունը տալ հայրենական արտադրանքին՝ արհամարհելով, ասենք, «HTC10»-ը…
Մեզ մնում է միայն ցավով արձնագրել, որ հայրենասիրությունը բրենդի վերածած կուսակցության ներկայիս պահվածքը այլևս ոչ մի կերպ համահունչ չէ իր փառահեղ հիմնադիրների քարոզած գաղափարներին: Կուսակցական երևելի դեմքերը, ըստ էության, ՀՀԿ-ից ստանալով իշխանական թխվածքի սեփական կտորը, նախընտրեցին մնալ ՀՀԿ-ի ստվերում՝ պայմանով, որ առաջիկա տարիներին պահպանեն իրենց ունեցած պաշտոնները. արդյունքում՝ հիասթափված հասարակություն, հուսախաբ եղած շարքային դաշնակցականներ:
Դավիթ ԲԱԲԱՆՈՎ