Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Հիմնադիր խորհրդարանի անդամ Գևորգ Սաֆարյանի գործով դատական նիստը։ Հիշեցնենք, որ Սաֆարյանը մեղադրվում է Ամանորի գիշերը ոստիկաՆության մայոր Գեղամ Խաչատրյանին հարվածելու մեջ։

 

Դատապրոցեսը վկաների հարցաքննության փուլում է։ Հարցաքննվում են ոատիկանության 4-րդ հատուկ գումարտակի ծառայողները, ովքեր այդ օրը եղել են Ազատության հրապարակում։

 

Ոստիկանության 4-րդ հատուկ գումարտակի ծառայող, գործով վկա Վարդան Ապրեսյանը բոլոր հարցերին պատասխանում էր մոտավորապես, քանի որ նրա խոսքով՝ մանրամասն չի հիշում դեպքի մասին։ Վկայի հարցաքննությունն ավարտվեց։
Պաշտպանական կողմը հակիրճ ամփոփեց վկայի հարցաքննությունը և հայտարարեց՝ շատ խառն էր վկայի ցուցմունքը։

 

Մեղադրող կողմն էլ առարկեց, որ ապացույցների վերաբերյալ գնահատականները կամ հայտարարությունները դատավարության օրենսգրքով նախատեսված չեն։ Դատարանը, սակայն, ասաց պաշտպանական կողմին, որ եթե իրենք հայտարարության են պատրաստվել, կարող են անել այն։

 

Գ. Սաֆարյանի փաստաբան Տ. Հայրապետյանը հայտարարեց՝ վկա Վարդան Ապրեսյանի ցուցմունքը արժանահավատ չէ, քանի որ կան մի շարք հակասություններ։

 

Ամբաստանյալ Գևորգ Սաֆարյանը ևս հայտարարություն արեց. «Այդ օրը Ոստիկանությունն ամեն գնով սադրանքների գնաց։ Գեղամ Խաչատրյանն էլ նենգաբար մոտեցավ և տապալեց Վահրամ Պետրոսյանին։ Ես այդ օրը չեմ տրվել Ոստիկանական սադրանքերին և չեմ խփել Գեղամ Խաչատրյանին։ Բայց հարց է առաջանում՝ որտեղի՞ց Գեղամ Խաչատրյանի դեմքի վերքն ու արնահոսությունը։ Եթե ես չեմ հարվածել, ուրեմն ստացվում է մի մութ անկյունում նրան ոստիկաններն են հարվածել, որպեսզի ինձ վրա բարդեն դա։ Ես պնդում եմ՝ իշխանությունները քաղաքական հետապնդում են անում ինձ և «Նոր Հայաստան»-ի անդամների նկատմամբ։ Դրա ապացույցն է նաև Ժիրայր Սէֆիլյանի ձերբակալությունը։ Սա մեր նկատմամբ կիրառվող քաղաքական ճնշում է»,- ասաց Սաֆարյանը։ Նրա այս հայտարարությունից հետո դահլիճում իրեն սատարողները ծափահարեցին։

 

Մեղադրող կողմն էլ իր խոսքում ասաց, որ վկայի ցուցմունքից հետո պաշտպանական կողմի հայտարարությունը իրենց ընկալումների արդյունքն է։ «Ձեզ մեղադրում ենք մի արարքի համար, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքով։ Ոչ մի քաղաքական հետապնդում չկա»,- ասաց նա։
Դատարանը շարունակում Է նիստը։ Հարցաքննվում է Գործով մեկ այլ վկա Ոստիկանության ծառայող Վաղինակ Մինասյանը։