Վարդավառն այս տարի նշվելու է հուլիսի 3-ին՝ ավելի մեծ շուքով և տոնախմբությամբ: Այս տարի կայանալիք Վարդավառի տոնակատարության մասին խոսել են Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդաց միությունների համակարգող Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանը և Նորաբացի Ս.Աստվածածին եկեղեցու երիտասարդաց միության ատենապետ Արևիկ Ուզունյանը: «Վարդավառը շարժական տոն է: Հայ առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից երրորդ տոնն է: Մեր եկեղեցու հայրերը Հիսուսին նմանեցնում են վարդի, որը փշերի մեջ է ապրում, իսկ փշերն էլ հրեա ժողովուրդն է, ում ձեռքով էլ Հիսուսը խաչվեց, այդ պատճառով էլ այն կոչվում է Վարդավառ:

 

Հուլիսի 3-ին' կիրակի օրը բոլոր հայ առաքելական եկեղեցիներում մատուցվելու է պատարագ: Պատարագի ընթացքում պատարագիչ հոգևորականը կներկայացնի Վարդավառի խորհուրդը: Արարատյան հայրապետական թեմը արդեն երկրորդ տարին է, ինչ Վարդավառին նախորդող օրը կազմակերպում է ազգային մեծ միջոցառում, որը անվանել է Վարդավառի նախատոնակ»,-նշել է Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդաց միությունների համակարգող Տ.Պետրոս ավագ քահանա Մալյանը:

 

Տ.Պետրոսը ցավով նշել է, որ շատ երկար տարիներ` խորհրդային տարիներին, արգելված էր որևէ ազգային տոն նշելը, և Արարատյան հայրապետական թեմի երիտասարդաց միությունն արդեն երրորդ տարին է` մեր ազգային բոլոր տոները վերականգնել է, և այս տարի նախորդ տարվա համեմատ ավելի մեծ շուքով է նշվելու Վարդավառի տոնը:

 

«Մենք չենք կարող տարանջատել ազգային սովորությունները եկեղեցու հոգևոր ծեսերից»,-ասաց Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդաց միությունների համակարգողը:

 

Նորաբացի Ս.Աստվածածին եկեղեցու երիտասարդաց միության ատենապետ Արևիկ Ուզունյանն ասաց, որ գնալով շատանում է մարդկանց ներգրավվածությունը միջոցառումներին և շատ հետաքրքիր ու ծիծաղելի միջոցառումներ կան այս տոնում, օրինակ' ավանակի վրա նստած տատիկը, ում պետք է ծաղրելով տանեն ամբողջ Մաշտոցի պողոտայով՝ փորձելով նրանից փախցնել խնդումը, որում խնձոր է կախված լինելու, որը խորհրդանշում է հաջողություն:

 

Տ.Պետրոսը անդրադարձել է նաև մեր օրերում մարդկանց վրա ջուր ցողելը գռեհկության վերածելու հանգամանքին:

 

«Իրականության մեջ ջրելը շատ լավ բան է դրա մեջ կա խորհուրդ: Ժամանակին վարդի թերթիկներով կամ վարդի յուղով պատրաստված ջրով կիրթ ձևով իրար ցողել են և դրանով մեկը մյուսին օրհնել է, բարեմաղթանք է հղել, սակայն մեր օրերում դա շատ գռեհկացված է դարձել: Կարելի է շատ կիրթ ձևով մշակույթ ստեղծել' պարզապես ջուրը վերցնել, շաղ տալ»,-նշել է ավագ քահանա Մալյանը: