Ինչպես հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունը, Ջալիլաբադի շրջանի Մուղան գյուղի բնակիչ Իսքենդեր Ալիեւը գիշերը մտել է իր նախկին կնոջ' Շամամ Գուրբաթովայի տուն, կացնով հարվածներ հասցրել նրան եւ հարվածել 12-ամյա որդու' Սաիդ Ալիեւի գլխին: Հետո նա ձեռնամարտի է մտել իր ավագ որդու' Ֆարիդի հետ: Հայրը փորձել է խեղդել 17-ամյա որդուն, բայց նրան հաջողվել է փրկվել: Հարեւանների միջամտությունից հետո Իսքենդեր Ալիեւը դիմել է փախուստի:
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների' հունիսի 23-ին Բարդայի շրջանի Գարաթեփե գյուղի բնակիչ Սաբուհի Հասանովը կացնով սպանել է իր 32-ամյա կնոջը' երեք երեխայի մայր Գյունել Հասանովային:
Բարդայի շրջանի ոստիկանությունը հայտնել էր, որ սպանությունը գրանցվել է առավոտյան մոտ ժամը 04:00-ին: Նախնական վարկածով սպանությունը կատարվել է խանդի հողի վրա: Սաբուհի Հասանովը խոստովանել է մեղքը: Փաստի առնչությամբ Բարդայի շրջանի դատախազությունում հետաքննություն է կատարվում:
Ադրբեջանական ԶԼՄ-ների համաձայն' Ադրբեջանում ընթացիկ տարում կացնով սպանության 16 դեպք է գրանցվել: 2016 թվականի սկզբից մինչ այժմ Ադրբեջանում մայրասպանության՝ 2, հայրասպանության՝ 1, հարազատների՝ միմյանց սպանության՝ 28, ամուսինների՝ միմյանց սպանության՝ 23, զավակի սպանության 6 դեպք է տեղի ունեցել: