ԵԱՀԿ Մինսկի խումբը հունիսի 25-ին հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ, որում կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին չխոչընդոտել Լեռնային Ղարաբաղում իր աշխատանքին. «Մենք կոչ ենք անում Հայաստանին և Ադրբեջանին վերացնել առաքելության ընդլայնման (հակամարտության գոտում ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնման) ճանապարհին մնացած խոչընդոտները»,-նշված է Մինսկի խմբի հայտարարության մեջ:

 

Քանի որ այս հայտարարությունը վերաբերում է նաև հայկական կողմին, ապա այդ առումով խիստ տարօրինակ է և, բնականաբար, առաջացնում է հարցեր: Ինչպես հայտնի է, Հայաստանը և ԼՂՀ-ն իրենք են ձգտել, որ հակամարտության գոտում ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակն ընդլայնվի, այսինքն' հակամարտության գոտում միջազգային դիտորդների թվաքանակն ավելացվի, Կասպրշիկի աշխատակազմի լիազորություններն ընդլայնվեն, ավելին' հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննության մեխանիզմներ ստեղծվեն, մասնավորապես' մոնիտորինգի համար հսկիչ սարքեր տեղադրվեն, ինչն ավելի կարևոր է և թույլ կտա արձանագրել և ապացուցել, թե հրադադարի ռեժիմն իրականում որ կողմն է խախտել:

 

Միաժամանակ հայտնի է, որ Հայաստանի և Արցախի այս ձգտումների իրականացմանը մշտապես խոչընդոտել է հենց Ադրբեջանը, իսկ ԵԱՀԿ Մինսկի խումբն առայժմ ապացուցել է իր անզորությունը հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննության մեխանիզմների ստեղծման համար Ադրբեջանի մերժումը հաղթահարելու գործում: Միայն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդական ջանքերի շնորհիվ հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում կայացած բանակցություններում Ադրբեջանի նախագահը վերջապես, ինչպես ասում են, մեռնելով տվել է իր համաձայնությունը, որպեսզի հակամարտության գոտում ավելացվի միջազգային դիտորդների թվաքանակը: Սակայն, համաձայնություն տալը մի բան է, գործնականում դրա համար պայմաններ ստեղծելը, դա թույլատրելը' այլ բան:

 

ԵԱՀԿ Մինսկի խմբի հիշյալ հայտարարության մեկնաբանության խնդրանքով Լուրեր.com-ն այսօր դիմեց ԼՂՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, տեղեկատվության գլխավոր վարչության պետ, քաղաքագետ Դավիթ Բաբայանին:

 

«Ես կարծում եմ, որ սա այն ընդհանուր մոտեցումն է, որով ԵԱՀԿ Մինսկի խումբը ինչ-որ ձևով փորձում է հավասարակշռված դիրք պահպանել, որպեսզի Ադրբեջանին ինչ-որ կերպ ավելի ապակառուցողական հունի մեջ չգցի: Դրա համար ընդհանրացված է այսպիսի հայտարարություններն անում, չնայած մենք բազմիցս ասել ենք, որ Ադրբեջանի պես պետության պարագայում անհրաժեշտ է հասցեական և բավականին կոշտ հայտարարություններով հանդես գալ նրա դեմ, որպեսզի նա ավելի կառուցողական լինի, բայց, ըստ երևույթին, դեռևս շարունակվում է այն հին մոտեցումը և փորձում են ընդհանրացված ինչ-որ այսպիսի մոտեցում ցուցաբերել, որպեսզի, իրենց պատկերացմամբ, չխոչընդոտեն գործին»,-ասաց Դավիթ Բաբայանը:

 

Պատասխանելով մեր հաջորդ հարցին, թե ինքը պատկերացում կամ տեղեկություններ ունի՞, թե Ադրբեջանն ինչ բնույթի խոչընդոտներ է հարուցել, որ տեղիք է տվել ԵԱՀԿ Մինսկի խմբի այս հայտարարությանը, Դավիթ Բաբայանն ասաց.
«Կարծում եմ, տարբեր տիպի խոչընդոտներ: Բավական է դիտարկել վերջին ժամանակահատվածում Ադրբեջանի քայլերը, որպեսզի հասկանանք, թե ինչպիսի խոչընդոտներ է իրականացնում: Օրինակ, տեսեք, Սանկտ Պետերբուրգում նախագահների հանդիպման ժամանակ նրանք իրականացնում էին խոշորամասշտաբ զորավարժություններ, սա էլ է, չէ՞, ապակառուցողականության մի ձև, մի նշան: Կամ, օրինակ, Ադրբեջանի նախագահի, մինչ այդ նախագահի աշխատակազմի ներկայացուցչի վերջին հայտարարությունները:

 

Այս ամենը ցույց է տալիս, որ շատ դժվար է Ադրբեջանին խաղաղության ճանապարհ բերել: Հետո, ինձ թվում է, Ադրբեջանը տեղերում է խոչընդոտներ ստեղծելու մեխանիզմների շուրջ: Տարբեր տիպի խոչընդոտներ կարող է հարուցել, դա ժամանակը ցույց կտա, բոլորովին վերջերս ասում էին' ինչո՞ւ պետք է հետաքննության մեխանիզմներ ներդնենք, եթե զինադադարը պահպանվում է: Բայց դա ի՞նչ է նշանակում, չէ՞ որ մի օր պահպանվում է, բայց վաղը կարող է սկսեն խախտել հրադադարի ռեժիմը, բա հետո այդ պայմաններում ինչպե՞ս են հետաքննության մեխանիզմներ ներդրվելու»:

Արթուր Հովհաննիսյան