ՀՕՊ պայմանագրի դեմ բողոքող քաղաքացիներն այսօր Ազգային ժողովի դիմաց բողոքի ակցիա էին կազմակերպել։ Նրանք ԱԺ-ի ետնամուտքով դուրս եկող պատգամավորներին ամոթանք էին տալիս նման ազգադավ պայմանագիր վավարեցնելու համար։ Արդեն տեղեկացրել ենք, որ ծեծկռտուք տեղի ունեցավ քաղաքացիներից մեկի և Հրանտ Բագրատյանի միջև։ Քաղաքացին երկար լեզվակռվից և վիճաբանությունից հետո հարվածեց Հրանտ Բագրատյանին, որից հետո ոստիկանները նրան բերման ենթարկեցին։
Իսկ ո՞վ է այդ քաղաքացին, որը գրեթե բոլորի հետ վիճաբանում էր։ Նա Գևորգ Մխիթարյանն է, Լոռու մարզի Ստեփանավան քաղաքից։ Իր ասելով՝ ինքը կռվել է Շուշիի առանձնակի գումարտակի կազմում՝ Ժիրայր Սէֆիլյանի հրամանատարությամբ։ Վերջին տարիներին, իր պատմելով, զբաղվում է հիմնականում ակցիաների կազմակերպմամբ և մասնակցությամբ։ Սակայն, պետք է նշել, որ տվյալ քաղաքացին այդքան էլ հաճախ չի մասնակցում բողոքի ակցիաներին։ Համենայնդեպս, այդ պահին ԱԺ-ի մոտ հավաքված քաղաքացիները ևս չէին ճանաչում նրան։
ՀՀ Ոստիկանության լրատվական վարչությունից ԼՈՒՐԵՐ.com-ին փոխանցեցին, որ Գևորգ Մխիթարյանը դեռ գտնվում է Ոստիկանության բաժնում։ Բերման է ենթարկվել մարմնական վնասվածք հասցնելու կասկածանքով։ Այլ մանրամասներ չհաղորդեցին։
Քրիստինա Աղալարյան
Լուսանկարը՝ armtimes.com-ի