ԱՄՆ-ն հարգում է Մեծ Բրիտանիայում անցկացրած հանրաքվեի արդյունքները և հույս ունի Լոնդոնի ուժեղ առաջնորդությանը ՆԱՏՕ-ում, G7-ում, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում և հակաահաբեկչական կոալիցիայում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' հղում կատարելով «Ռիա Նովոստի»-ին, այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին:
Նա հայտարարել է, որ այս փուլում առավել կարևորվում են Մեծ Բրիտանիայի ու ԱՄՆ-ի հարաբերությունները:
Հունիսի 23-ին Մեծ Բրիտանիայում անցկացվել է հանրաքվե Եվրամիության անդամակցության հարցի վերաբերյալ: Պաշտոնական տվյալների համաձայն, Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալուն կողմ է քվերակել մասնակիցների 51.9 տոկոսը: Ավելի քան 1 մլն մարդ էլ միացել է հայցապահանջին, ըստ որի, պետք է վերանայվեն ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հանրաքվեի արդյունքները: Նրանք կոչ են անում կառավարությանը կիրառել այն կարգը, համաձայն որի, եթե մասնակցության 75 տոկոսի պայմաններում կողմ կամ դեմ քվերակողների թիվը կազմել է ոչ պակաս քան 60 տոկոսը, ապա պետք է անցկացվի ևս մեկ հանրաքվե: