Վերջին օրերի թիվ մեկ միջազգային թեման, թերևս, կարելի է համարել ռուս-թուրքական հարաբերություններում տեղ գտած՝ շատերի համար անսպասելի գործընթացները, երբ, կարելի է ասել,գրեթե թշնամական հարաբերությունների մեջ գտնվող երկրները Թուրքիայի նախագահ Էրդողանի մեկ նամակի կամ հեռախոսազանգի շնորհիվ սկսեցին միմյանց ընդառաջ քայլեր անել ու մեռած հարաբերությունները կրկին վերակենդանացնել:


Ինչ խոսք, սա մի նրբագույն թեմա է, որի կողքով ցանկացած հայ դժվար թե կարողանա անտարբեր անցնել, քանի որ ինչպես պատոմությունն է աներկբայորեն փաստում, ռուս-թուրքական երկկողմանի հարաբերությունները, որպես կանոն, կառուցվել են ի հաշիվ երրորդ' այս դեպքում հայկական կողմի շահերի, ինչի վառ ապացույցը մեր արևմտահայկական կորցրած հողերն են, որոնք հիմա, փաստացի, քրդերի բաժին են դարձել:

 

Վերլուծելով երկու երկրի հարաբերություններում այս անակնկալ «ձնհալը»' պետք է նշենք, որ դրա հիմքում, նախևառաջ ընկած են երկկողմ տնտեսական փոխադարձ շահերը. Թուրքիայի' Ռուսաստանից ունեցած տնտեսական կախվածության մասին պատկերացում կազմելու համար բավարար է ընդամենը մի հպանցիկ հայացք գցել ներկայիս Թուրքիայում տուրիզմի այն աղետալի վիճակի վրա, որպիսին այս երկիրը երկար տասնամյակներ ի վեր չէր տեսել. դատարկ լողափեր ու հյուրանոցներ, գրեթե կործանվող սպասարկման ոլորտ:

 

Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա պետք է ասել, որ չնայած այս երկիրը ևս տուժել էր Թուրքիայի հետ չեղած հարաբերություններից, բայց ՌԴ-ի' Թուրքիայից ունեցած տնտեսական կախվածությունը շատ ավելի փոքր կարելի է համարել, քան հակառակ պարագայում է:

 

Կարճ ասած' ռուս-թուրքական բնականոն տնտեսական հարաբերություններն առավել կենսական նշանակություն ունեն թուրքերի, քան ռուսների համար: Բայց կատարյալ միամտություն կլիներ, եթե կարծեինք, թե երկու երկրի փոխհարաբերությունների' տեսանելի ապագայում բնականոն հուն վերադարձը կարող է պայմանավորված լինել ասենք բացառապես թուրքական էժան լոլիկների քաղցր համով. այս ողջ պատմության մեջ ահռելի է նաև քաղաքականության, իսկ ավելի ճիշտ' աշխարհաքաղաքականության չափաբաժինը:


Ամենևին էլ գաղտնիք չէ այն, որ ներկայումս Թուրքիան Արևմուտքի կողմից ընկալվում է որպես ձայնազուրկ, հնազանդվելու պարտավորվածություն ունեցող մի երկիր, որ հիմնականում ծառայեցվում է Մերձավոր Արևելքում Վաշինգտոնի շահերի սպասարկմանը: Ուստի' սեփական հարևանների հետ թշնամական կամ գրեթե թշնամական հարաբերությունների մեջ գտնվող Թուրքիայի համար ՌԴ հետ հարաբերությունները կարող են դառնալ կատարյալ փրկողակ, ինչը թույլ կտա Էրդողանին բարձրացնել իր գինը Արևմուտքի առաջ ու ունենալ այլընտրանք ասենք նույն Բեռլինին, որը, ինչպես հայտնի է, հատկապես վերջին ժամանակներս աչքի է ընկնում իր հակաթուրքական քաղաքականությամբ (Ցեղասպանության ճանաչումը պետք է դիտարկել հենց այս կոնտեքստում):


Իսկ ինչ վերաբերում է ՌԴ-ի ունեցած շահագրգռվածությանը, ապա պետք է նշենք, որ այս երկիրը երբեք առանձնապես դեմ չի եղել Թուրքիայի հետ բարիդրացիական հարաբերություններ կառուցելուն' ելնելով ոչ միայն «հանուն» այլև «ընդդեմ» սկզբունքից:

 

Ժիրինովսկու վերջին հայտարարությունն այն մասին, թե Թուրքիան կարող է Ռուսաստանին մոտ լինել առավել, քան Բելառուսը, Ղազախստանը կամ անգամ Հայաստանն են, գալիս է փաստելու ասվածի ճշմարտացիությունը: Ամենևին էլ չի բացառվում, որ ապագայում Թուրքիային Արևմուտքից անդառնալիորեն կտրելու մղումից դրդված' Մոսկվան Անկարային առաջարկի անդամակցել ԵՏՄ-ին, ինչպես նա անում է Ադրբեջանի պարագայում:


Իսկ հիմա, թերևս, կարևորագույն հարցը' ինչո՞վ կարող է այս ամենը հղի լինել Հայաստանի համար: Ցավոք, պատմությունն աներկբայորեն ապացուցում է, որ այն կարճ ժամանակահատվածներում, երբ հնարավոր է դարձել ռուս-թուրքական մերձեցումը, այն, սովորաբար, դրսևորվել է ի հաշիվ հայերիս. 29 հազ.քառ. կմ-ը' ցայտուն ապացույց:

 

Ինչ խոսք' մեզ համար այս ճակատագրական փուլում, երբ կրկին համաշխարհային ուժային կենտրոնների ուշադրության կետրոնում հայտնվել է Ղարաբաղը, չափազանց կարևոր է դրսևորել առավելագույն զգուշավորություն ու կարողանալ այնպիսի հավասարակշռված քաղաքականություն վարել, որ ոմանց բարեկամությունն ու եղբայրությունը մեր դեմ շուռ չգա. բոլորի համար պետք է պարզ լինի' Արցախը չի կարող դառնալ առևտրի առարկա:


Այս առումով չափազանց կարևոր են Հայաստան–Արևմուտք հարաբերությունների հետագա խորացումը(առնվազն այն բոլոր ուղղություններով, որոնք ակնհայտ հակասության մեջ չեն մտնի Մոսկվայի շահերի հետ), ինչը թույլ կտա մեզ մանևրելու տեղ ունենալ, ինչպես դա անում է նույն Ադրբեջանը, որ ներկայումս, փաստացի, շնորհիվ իր ու Արևմուտքի միջև ձևավորված հարաբերությունների՝ «մի փութ ոսկու» արժեք է ձեռք բերել նույն Մոսկվայի համար, ու վերջինս, ձեռուոտ ընկած, չգիտի' ինչ անի, որ կարողանա մի փոքր թուլացնել Լոնդոնի' Բաքվի վրա ունեցած ազդեցությունը. արդյունքում' ստացել ենք թեժացած ղարաբաղյան հակամարտություն:


Ունե՞նք, անրդյոք, մենք այնպիսի լծակներ, որոնք ունի այժմ Ադրբեջանը. իհրակե ոչ, քանի որ վերջին տարիների ապաշնորհ արտաքին քաղաքականության հետևանքով մենք այնպես արեցինք, որ ոչ մի այլընտրանք Ռուսաստանին՝ չունենանք, ինչի հետևանքները, բնականաբար, պետք է դրսևորվեին այնպես, ինչպես դրսևորվում են վերջին շրջանում, երբ ղարաբաղյան հակամարտությունում որպես հիմնական զիջող կողմ է դիտարկվում Երևանը' բավարարելու Բաքվի անօրեն քմահաճույքները. փաստացի վերածվել ենք մանրադրամի, որի հետ այլևս ոչ ոք, ոչ մի պարագայում չի ցանկանում հաշվի նստել. ինչո՞ւ, հացրե՛ք Նալբանդյանին:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ