Երբ փլուզվեց Խորհրդային Միությունը, հետխորհրդային երկրները, այդ թվում՝ Հայաստանը, հայտնվեցին ոչ միայն սոցիալ-տնտեսական ծանր պայմաններում, այլև արժեհամակարգային ճգնաժամի եզրին, երբ այն արժեքները, որոնք նախորդ մի քանի տասնամյակներում հասարակության համար ուղղորդող, առաջնորդող նշանակություն էին ունեցել, հանկարծ սնանկ ճանաչվեցին՝ առաջացնելով գաղափարական, արժեհամակարգային համընդհանուր սով, որի հետևանքը դարձավ հասարակությունների այն տոտալ բարոյազրկումն ու ներքին ճգնաժամը, որի հետևանքով էլ հենց, խոշոր հաշվով, բռնկվեց կոռուպցիայի համաճարակը ողջ հետխորհդային տարածքով մեկ:


Սա նշամակում էր, որ այն ինստիտուտները, որոնք ի սկզբանե կոչված էին՝ թույլ չտալու այս ամենը, ոչ միայն չկարողացան ինչպես հարկն է կատարել սեփական գործառույթներն, այլև կարճ ժամանակ անց իրենք սկսեցին ակտիվորեն ինտեգրվել այն արատավոր համակարգի մեջ, որում կամա թե ակամա հայտնվել էին.այդ ինստիտուտներից մեկն էլ Հայաստանի գրողների միությունն էր:


Եթե անդրադառնալու լինենք ՀԳՄ-ի, որի նախագահն է գրող Էդվարդ Միլիտոնյանը, ներկայիս վիճակին ու դրա՝ մեր հասարակությունում ունեցած դերակատարությանն, ապա պետք է ցավով արձանագրենք այն անհերքելի, բայց տխուր իրողությունը, որ սույն կառույցը, ինչպես և հայաստանյան այլ նմանատիպ կառույցներ, որոնք միավորում են երկրիս մտավորականությանը,վաղուց չունի այն նշանակությունը, որպիսին ուներ ասենք խորհրդային տարիներին, երբ դրա բազմավաստակ անդամները դարձել էին հասարակության խղճի ձայնն ու կարողանում էին իրենց հետևից տանել հարյուրհազարավորներին ու անգամ իրենց շուրջ համախմբել միլիոնների՝ հաճախ սահմանելով այն նվազագույն նշաձողը, որից անդին այլևս մարդկային արժանապատվության չգոյությունն էր, բարոյական ոչնչացումը:


Իսկ հիմա, երբ որպես միակ ու բացարձակ արժեք դիտարկվում է փողն ու հարսությունը, երբ մարդկային գործունեության բոլոր ասպարեզները ծառայեցվում են միայն մի բանին՝ մամոնային, սույն կառույցը դարձել է այն արատավոր համակարգի կցորդն ու անգամ բարոյական հենարանը, որ արդեն երկար տարիներ է, ինչ ներսից քայքայում է երկիրը, կրծում պետությունը ներսից. այս կառույցից արդեն վաղուց դուրս չեն գալիս նոր Շիրազներ, ծնունդ չեն առնում Սահյաններ ու Մաթևոսյաններ, որոնք, ինչպես հայտնի է, ժամանակին որպես իսկական գիգատներ էին ընկալվում, գաղափարական հայրեր, որոնց ամեն մի խոսքը «մի փութ ոսկու արժեք» ուներ հասարակության ամեն մի անդամի համար. ինչո՞ւ: Պատասխանն այս, թերևս, թաքնված է մեր ժամանակներին խիստ բնորոշ«հարմարվողականություն» երևույթի մեջ. ոչ միայն չեն ցանկանում վատամարդ դառնալ իշխանավորների աչքում, այլև լոյալ վերաբերմունք ցուցաբերելով վերջիններիս նկատմամբ՝ ցանկանում են իրենց համար բարեկեցության այն գոնե մինիմալ մակարդակն ապահովել, որ առնվազը տանելի է դարձնում մարդկային գոյությունը:

 

Արդյունքում նույն ՀԳՄ-ն վաղուց վերածվել է իշխող կուսակցության կցորդ մի օղակի, որ ի սկզբանե պարտավորություն է ստանձնել իրերը չկոչել իրենց անուններով, իսկ սեփական անդամներին էլ պահել կատարյալ վերահսկողության տակ. դժվար է այսօր պատկերացնել ՀԳՄ մի անդամի, ով դավանում է բացահայտ ընդդիմադիր հայացքներ, իսկ եթե, այնուամենայնիվ, այդպիսիք կան էլ, ապա նրանց ձայնն անլսելի է հասրակության ականջին: Բայց պակաս մտահոգիչ չէ հենց Գրողների միության ներսում տիրող վիճակը. թե որոնք են ասենք այս կառույցին անդամակցելու իրական չափորոշիչները կամ ով կարող է իրեն հանգիստ խղճով գրող համարել մեր երկրում, ամնկեղծ ասած, այդքան էլ մինչև վերջ պարզ չէ:


Օրինակ՝ ինչպես պարզ դարձավ վերջերս, Գրողների միությունը համալրվել է ևս 40 գրողներով, որոնք, դիմելով սույն կառույցին, կարողացել էին բավարարել այն նվազագույն պահանջները, որ անհրաժեշտ են անդամ դառնալու համար:

 

Հետաքրքրիր է՝ ինչպե՞ս են որոշում՝այս կամ այն գրողի հեղինակած գրական ստեղծագործությունները համապատասխանո՞ւմ են այն գեղարվեստական չափանիշներին, որոնք, սովորաբար, նույն Արևմուտքում պարտադիր են համարվում այս կամ այն մարդուն գրող հռչակելու համար. որո՞նք են հայաստանյան չափանիշները՝այս կամ այն ստեղծագործողին նման բարձր պատվի արժանացնելու:


Անհերքելի է՝ հասարակությունը, որը չունի բարոյական ուղենիշներ ու իդեալներ, դատապարտված է կործանման: Արդյոք մեր պատմության ներկա փուլում ունի՞ հայաստանյան հասարակությունն այդ իդեալը, ունի՞ իր աչքի առաջ այն անվիճելի հեղինակություններին, որոնց նայելիս մարդ սկսեր ինքն իրենից հաշիվ պահանջել ու ինքնախարազանվել. դժվար թե, մանավանդ որ ներկայիս մշակույթն ու ասպարեզում առկա գաղափարները ոչ մի կերպ չեն նպաստում դրանց ամենի որոնմանը:


Դավիթ Բաբանով