Միջուկային հետազոտությունների եվրոպական կենտրոնի (CERN) բարձր էներգիաների ֆիզիկայի լաբորատորիայում մեծ հադրոնային կոլայդերով (բախիչով) փորձի ժամանակ տեղի բնակիչներն ականատես են եղել բնության անսովոր երևույթի:
Հաղորդվում է, որ հունիսի 24-ին գիտափորձի անցկացման ժամանակ Շվեյցարիայում գտնվող CERN-ի շենքի վերևում երկինքը սկսել է փոխել իր գույնը, դարձել է մուգ կարմիր, և հենց լաբորատորիայի մոտ ամպերից ձևավորվել է ձագար, ինչպես պտտահողմերի առաջացման ժամանակ է լինում: Ֆանտաստիկայի սիրահարները հայտարարել են, որ կոլայդերը կարող է բացել «զուգահեռ աշխարհի պորտալը» (դեպի մեծ տարածություն տանող դարպասները) կամ տարածաժամանակային այլ չափում: Այս մասին գրել է «The Sun»-ը (https://www.thesun.co.uk/news/1358274/jaw-dropping-photos-taken-above-cerns-large-hadron-collider-lead-to-wild-new-conspiracy-theories-and-prove-portals-are-opening/ ): Սակայն, գիտնականները հանգստացրել են հասարակությանը: Նրանք բացատրել են, որ հետազոտությունների ընթացքում փորձել են մի տեղ հավաքել միկրոմասնիկները, ինչը և հանգեցրել է բնության այդ անսովոր երևույթին:
Ըստ «Վիքիպեդիա» ազատ հանրագիտարանի՝ մեծ հադրոնային բախիչը (ՄՀԲ) (անգլերեն՝ Large Hadron Collider (LHC)) աշխարհի ամենամեծ և ամենաբարձր էներգիայով մասնիկների արագացուցիչն է: Հադրոն նշանակում է քվարկներից բաղկացած մասնիկ։ Հիշյալ արագացուցիչը ստեղծվել է երկու հակառակ լիցքավորված մասնիկների փնջերն իրար բախելու նպատակով։
Մասնիկները կամ 574 ՏէՎ էներգիայով կապարի միջուկներ են, կամ 7 ՏէՎ (տեռա-էլեկտրոն-Վոլտ) էներգիայով պրոտոններ։ Բախիչը նախատեսված է պատասխանելու ֆիզիկայի ամենահիմնական հարցերին: Ակնկալվում է, որ կօգնի հասկանալ բնության ամենախորքային օրենքները։ ՄՀԲ-ն գտնվում է 27 կմ շրջանագծով մի թունելում, Ֆրանսաշվեյցարական սահմանի ներքո, Շվեյցարիայի Ժնև քաղաքի մոտ։
Մեծ հադրոնային բախիչը կառուցվել է Միջուկային Հետազոտությունների Եվրոպական Կենտրոնի միջոցով՝ բարձր էներգիաների ֆիզիկայի տարբեր կանխագուշակումները, այդ թվում նաև այն ժամանակ ենթադրյալ Հիգգսի բոզոնի գոյությունը ստուգելու համար։ Հիգգսի բոզոնը հայտնաբերվել է 2012 թ.։
Լուսանկարներում' ամպերից տարօրինակ ձագարը՝ Ժնևում գտնվող լճի վրա: