armnoc.am Բասկետբոլի Հայաստանի հավաքականը մի նոր էջ բացեց հայկական բասկետբոլի համար՝ հիմք դնելով ապագայի նոր և մեծ հաղթանակներին: Հավաքականի գլխավոր մարզիչ Տիգրան Գյոկչյանը ՀԱՕԿ լրատվականի հետ ծավալուն զրույցում ամփոփեց Եվրոպայի առաջնությունը, խոսեց ապագայի տեսլականի մասին:
-Պարոն Գյոկչյան, հիմա արդեն ունենք Եվրոպայի փոքր երկրների առաջնության չեմպիոն հավաքական, ինչպե՞ս հավաքվեց այդ թիմը:
-Հավաքականի ձևավորման ամբողջ գործընթացը տեղի ունեցավ Հայաստանից դուրս: Ամեն ինչ սկսվեց դեռևս 7 ամիս առաջ: Երբ պլանավորեցինք, որ պետք է ձևավորենք մարտունակ հավաքական: Սկսեցինք բանակցությունները տարբեր խաղացողների հետ, փնտրեցինք տարբեր խաղացողների Հայաստանում, Հայաստանից դուրս: Կային շատ բասկետբոլիստներ, բայց մի քանիսը տարբեր պատճառներով չկարողացան գալ:
-Իսկ հիմա ունե՞ք Ձեր ուշադրության կենտրոնում այլ բասկետբոլիստներ, ովքեր կարող են հրավիրել հավաքական:
-Իհարկե ունենք: Կան երեք-չորս բասկետբոլիստներ, ովքեր շատ լավ խաղացողներ են և կարող են ուժեղացնել հավաքականի կազմը:
-Խոսենք Եվրոպայի առաջնության մասին: Առաջին խաղում տպավորություն կար, որ մենք գիտենք մեր մրցակցին: Ո՞րն էր այդ խաղում մեր ուժեղ կողմը:
-Մոլդովայի հետ մեր առաջին խաղից առաջ մենք ուսումնասիրել էին նրանց բոլոր հանդիպումները, և հենց դա էր մեր ուժեղ կողմը: Մենք լավ գիտեինք, թե ինչպես է խաղում մրցակիցը: Գործդ ավելի է հեշտանում, երբ գիտես մրցակցիդ:
-Արդյո՞ք, Անդորրայի հետ խաղում հուզմունքն էր պարտության պատճառը:
-Մենք տեսել էինք Անդորրայի խաղը, բայց ոչ հիմնական կազմով: Նրանք Ուելսի հետ խաղացել էին 3-րդ կազմով: Այդ էր պատճառը, որ չկարողացանք լավ հասկանալ նրանց խաղը: Անդորրայի խաղին վերաբերող շատ քիչ տեղեկություն կար համացանցում: Մյուս կողմից էլ, երբ Մոլդովային հաղթեցինք, տղաները մտածեցին, որ հաղթանակները պետք է հեշտությամբ տրվեն, բայց դա այդպես չէ:
-Ի՞նչ կասեք Ուելսի հետ խաղի մասին:
-Իհարկե, Ուելսի հավաքականը նույն մակարդակը չուներ ինչ Անդորրան և Մոլդովան: Բայց, երբ մենք խաղում ենք մեր խաղը և պաշտպանությունն աշխատում է, իսկ տղաներն էլ տրամադրված են՝ խաղը ստացվում էր:
-Արդյո՞ք, Իռլանդիայի հետ խաղն ավելի հանգիստ ստացվեց:
-Իռլանդիան այս մրցաշարի ամենաուժեղներից մեկն էր: Նրանք շատ կազմակերպված էին, բասկետբոլիստներն էլ բավականին ուժեղ էին: Նրանք եվրոպական բասկետբոլ էին խաղում: Մեզ մնում էր միայն, որ մենք էլ թիմային բասկետբոլ խաղայինք: Ինչն արեցինք:
-Եզրափակչում կարծես գտե՞լ էիք Անդորրայի դեմ ճիշտ հակախաղը:
-Եզրափակչում վստահ էի, որ հաղթելու ենք: Քանի որ մարզիկներից ոչ մեկ վնասվածք չուներ և գերազանց էինք տրամադրված, ապացուցեցինք, որ մենք ամենաուժեղն ենք Եվրոպայի փոքր երկրների առաջնությունում:
-Հիմա իրավունք ենք ստացել մասնակցելու Եվրոպայի առաջնության ընտրական փուլին: Ի՞նչ տեսլական ունեք ապագայի համար:
-Եվրոպային ցույց տվեցինք, որ ունենք մարտունակ թիմ: Բայց դժվար է պահել թիմը` սահմանափակվելով հավաքականի խաղերով: Հիմա առավել կարևոր է բազային թիմ ստեղծելը, որ կարող է Ռուսաստանում կամ այլ լիգայում խաղալ: Կարող ենք ստեղծել ակումբ, որտեղ հանդես կգան այս բասկետբոլիստները, ովքեր միասին խաղալու փորձ ձեռք կբերեն և կլավացնեն հավաքականի արդյունքները:
-Արդեն մեկ օր է, ինչ հայրենիքում եք, ի՞նչ արձագանքներ եք ստացել այս հաղթանակից հետո:
-Եթե անկեղծ, ապա երբեք նման արձագանքի, նման ընդունելության չէի սպասում: Այս հաղթանակից հետո այդպիսի ընկերներ հիշեցին և նորից միմյանց տեսանք, ում տեսել էի 30 տարի առաջ: Նրանք ոչ մի կապ չունեին բասկետբոլի հետ, բայց եկել էին ասելու, որ ուրախ են հավաքականի համար: Գալիս են, շնորհավորում են և ասում են, որ հպարտանում են հավաքականով: Մեզ ընդունեցին ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, ինչպես նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
-Շնորհակալություն, նորանոր հաղթանակներ բասեկտոբլի հավաքականին: